ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.12.2014
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

Սիրելի' հայրենակիցներ, Եվս մեկ տարի անցավ մեր հազարամյա պատմության գիրկը՝ հարստացնելով այն նոր ձեռքբերումներով և զարգացումներով: Տարեմուտն առաջին հերթին անցնող տարին ի մի բերելու և գալիք տարվա անելիքները նախանշելու առիթ է: Ձեռքբերումներից բացի 2014 թվականը մեր ժողովրդի առաջ ծառացած հերթական դժվարությունների հաղթահարման, համամարդկային հիմնախնդիրներին դիմակայելու տարի էր: Այսօր վստահ կարող ենք ասել, որ մեր ժողովորդը պատվով շրջեց իր պատմության հերթական էջը: Հայաստանի ապագայի կերտողն այսօր մեր սերունդն է, և այս սուրբ նպատակին հասնելու ճանապարհին յուրաքանչյուր նոր տարի պատմության ընձեռած հերթական ժամանակահատվածն է՝ մեր Երկիրը հզորացնելու, քաղաքացիների բարեկեցությունը բարձրացնելու համար: Իսկ դրա համար ընդամենը պետք է յուրաքանչյուրս լիարժեք իրականացնենք այն պարտականությունները, որոնք ստանձնել ենք պետության, հասարակության և մեր ընտանիքների առաջ: Այսօր մարդկությունը կանգնած է մի շարք համամարդկային մարտահրավերների առաջ, որոնցից են Երկիր մոլորակի բնապահպանական խնդիրները: Առարկայական պատճառներով Հայաստանը չի կարող զերծ մնալ այդ վտանգներից: Այսօր մեր պետությունն իր համեստ ֆինանսական հնարավորություններից էական միջոցներ է հատկացնում բնապահպանական խնդիրների լուծմանը, ինչի արդյունքում անցնող տարին հագեցած էր շրջակա միջավայրի պահպանությանը նպատակաուղղված ծրագրերով: Նշանակալի է նաև ոլորտի խնդիրներին ուղղված միջազգային կառույցների աջակցությունը: Գալիք տարում նույնպես բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված նոր ծրագրերի և ձեռնարկների պակաս չի լինի: Բայց պետության ներդրած ջանքերն ակնկալվող արդյունքները չեն տա, եթե շրջակա միջավայրի պահպանության գիտակցումը չհամակի մեր հասարակության բոլոր շերտերին, յուրաքանչյուրիս: Պետք է գիտակցել, որ հայրենի բնաշխարհը բոլորինս է: Այն մեր պատմական բնակատեղիից մեզ բաժին հասած փոքր կտորն է, որի պահպանությունը յուրաքանչյուրիս սուրբ գործն է, քանի որ ամեն մի թիզ հողը մեզ է հասել մեր ժողովրդի նվիրյալների կյանքի գնով: Յուրաքանչյուր ժողովրդի կենսամիջավայրը տվյալ ժողովրդի կենսագործունեության և կայուն զարգացման գրավականն է: Առանց բնության հետ ներդաշնակ ապրելու, բնության ռեսուրսները ողջամիտ օգտագործելու հնարավոր չէ պատկերացնել ոչ միայն մեր ժողովրդի, այլ ողջ մարդկության ապագան: Սիրելի' հայրենակիցներ, Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում բարեկեցություն և բարօրություն, Ձեր ընտանիքներին՝ երջանկություն և սեր: Թո´ղ գալիք տարում Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի հզորանա, և խաղաղությունը միշտ ուղեկցի մեր ժողովրդին: Թո´ղ Նոր տարին լինի հաղթանակների, նոր ձեռքբերումների և նպատակների իրականացման տարի: ՀՀ բնապահպանության նախարար՝ Արամայիս Գրիգորյան