ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.03.2012
ՀՀ-ԻԻՀ՝ համագործակցություն բնապահպանական ոլորտում

Ս/թ մարտի 3-5-ը, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հրավերով Թեհրանում էր գտնվում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: Նախարարի այցին նախորդել էր ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանության դեպարտամենտի ղեկավար Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեի հետ 2011 թ. դեկտեմբերին Երևանում կայացած աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել էին երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցեր` հատկապես անդրսահմանային ջրերի, կենդանիների համար տարանցիկ միջանցքների, անդրսահմանային ազգային պարկի` այլ ձևակերպմամբ` խաղաղության ու բարեկամության այգի հիմնելու հետ կապված: Երևանյան հանդիպման արդյունքում մոտավոր ուրվագիծ էր ստացել նաև ՀՀ բնապահպանության նախարարի ԻԻՀ կատարելիք փոխադարձ այցի օրակարգը: Թեհրան, Քարաջ, Ռեյ քաղաքներ կատարած այցելությունները, բանակցությունները ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանության դեպարտանենտի ղեկավար պարոն Մոհամմադիզադեի, ծառայությունների և գերատեսչությունների բարձրաստիճան ղեկավարների հետ, ձեռք բերված պայմանավորվածությունները ձևավորում են հիմքեր` կատարելու լավատեսական պնդում, որ բնապահպանության ոլորտում ՀՀ–ԻԻՀ նոր համագործակցութունը լայն հեռանկարներ ունի և մտնում է նոր փուլ: Արդյունքում` 2 կողմերի միջև ստորագրվել է "Բնապահպանական համագործակցության համաձայնագիր", որի առանցքային կետերն են 3 աշխատանքային խմբերի ստեղծումը, որոնք կզբաղվեն` 1. Արաքս գետի հայ-իրանական մոնիթորինգի իրականացման, ջրի որակի բարելավման և ախտոտման աղբյուրների նկատմամբ հսկողության իրականացմամբ, 2.ստեղծվելիք "Բարեկամության ու Խաղաղության այգի" համատեղ հիմնելու անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստմամբ, 3. բնապահպանական կրթական հարցերով ուսանողների փոխայցելությունների կազմակերպմամբ: Կողմերը ստեղծվելիք անդրսահմանային ազգային պարկը բնութագրում են որպես կայունության և խաղաղության խորհրդանիշ: Կողմերը, որպես նոր նախաձեռնություն, կարևորել են նաև բնապահպանական միջազգային համաժողովներում, հանդիպումներում համատեղ ծրագրերով հանդես գալու, շրջանակային կոնվենցիաներին համատեղ հայտեր ու առաջարկություններ ներկայացնելու մտայնությունը: ԻԻՀ բնապահպանության դեպարտամենտն առաջարկել է նաև իր միջոցներով ստեղծել 2 կողմերին ծառայություններ մատուցող "Գետի ջրի որակի մոնիտորինգի" և "Բարեկամության ու Խաղաղության այգու" կառավարման կենտրոններ: ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը և ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանության դեպարտանենտի ղեկավար պարոն Մոհամմադիզադեի հետ ԻԻՀ "Բնապահպանության թանգարան"-ի հարակից տարածքում, ի նշան բարեկամության ծառեր տնկեցին: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի կենտրոն