ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.07.2021
Խոսրովի պետական արգելոցում հրդեհի օջախը մեկուսացվել է. տարածման վտանգ այս պահին չկա

Հունիսի 30-ին, ժամը 18։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 81 փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 40 աշխատակից։ Նախնական գնահատականով այրվել է մոտ 7000 քմ խոտածածկույթ, տորֆաշերտ և գիհու ծառեր:
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, հրդեհի օջախը մեկուսացվել է. տարածման վտանգ այս պահին չկա։