ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.10.2022
Հայաստանը որդեգրում է միջոլորտային մոտեցում ջրային ոլորտի կառավարման մարտահրավերներին դիմակայելու համար

Թանկարժեք ջրային ռեսուրսների կայուն կառավարումն առանցքային դեր կխաղա Հայաստանի սոցիալ-տնտեսական շարունակական զարգացման գործում։ Երկրի մշակաբույսերի շուրջ 80%-ը ոռոգվում է։ Գյուղատնտեսությունն ապահովում է ՀՆԱ-ի 12%-ը, իսկ հիդրոէներգիան կազմում է ընդհանուր արտադրված էլեկտրաէներգիայի 40%-ը։ Ջուրն իսկապես միջոլորտային խնդիր է․ այն վերաբերում է տնտեսության բոլոր ճյուղերին և մարդկանց կյանքին։ 
2022 թվականի հոկտեմբերի 3-ին և 4-ին Հայաստանում տեղի կունենա ջրային ոլորտում Ազգային քաղաքականության երկխոսության միջգերատեսչական խորհրդատվական հանձնաժողովի 20-րդ հանդիպումը։ Այս երկխոսությունը կարևոր հանգրվան է` պայմանավորված ՀՀ Ջրային օրենսգրքի վերջերս ընդունված փոփոխություններով, որոնք երկիրն ավելի են մոտեցնում ԵՄ ջրային օրենսդրությանը: 
Այս հանդիպմանը նախապատրաստվելու համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2022թ․սեպտեմբերի 6-ի N 304-Լ որոշմամբ Հայաստանը բարեփոխել է ջրային ոլորտում Ազգային քաղաքականության երկխոսության խորհրդատվական միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` ապահովելով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, գիտակրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների լայն ներկայացվածությունը ջրային ոլորտի քաղաքականության բարեփոխման գործընթացում։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ջրային ոլորտում Ազգային քաղաքականության երկխոսության խորհրդատվական միջգերատեսչական հանձնաժողովի անդամները։ 
Խորհրդատվական միջգերատեսչական հանձնաժողովը բաղկացած է 35 անդամից` որոնք ներկայացնում են ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունները, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, տարածքային կառավարման մարմինները, համալսարանները, գիտական հաստատությունները և ՀԿ-ները։
Ներկա էին նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և Հայաստանի ջրային ոլորտում գործող միջազգային ծրագրերն ու դոնորները։
Շրջակա միջավայրի նախարարության նախագահությամբ և «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպման նպատակն է օգտագործել Ջրային օրենսգրքի փոփոխությամբ ստեղծված պահը և բացահայտել ջրերի կառավարման և շրջակա միջավայրի առաջնահերթությունները, գնահատել ջրային ոլորտում իրականացվող բարեփոխումների առաջընթացը և ներկայացնել խորհրդատվական միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին Հայաստանի ջրային ոլորտում իրականացվող ազգային և միջազգային ծրագրերի վերջին զարգացումները։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն իր ելույթում նշել է․ 
«Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում ժողովրդավարության ցուցիչով առաջատար է, ինչը փաստում է նաև 2021 թ. արձանագրված ժողովրդավարության ցուցիչը: Ջրային ոլորտի կառավարման բնագավառում ՀՀ-ն նույնպես կիրառում է ժողովրդավարական կառավարման մոտեցումներ: Ջրային ոլորտում Ազգային քաղաղականության երկխոսության միջգերատեսչական հանձնաժողովը, ներառելով ազգային և տեղական մակարդակներով տարբեր պետական գերատեսչությունների, գիտակրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, աջակցում է ջրային ոլորտում ՀՀ կառավարության ծրագրերի և երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացմանը: Ջրային ոլորտում Ազգային քաղաքականության երկխոսությունը նաև կարևոր հարթակ է հանդիսանում ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների համակարգման, փոխլրացման և արդյունքահեն աշխատանքների ապահովման համար` նպատակ ունենալով խթանել ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը և կլիմայի փոփոխության համատեքստում ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը»։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագոծակցության բաժնի պետ պարոն Ֆրանկ Հեսսն իր ելույթում նշել է․
«ԵՄ-ն ուրախ է համագործակցել Հայաստանի հետ ջրային քաղաքականության բարեփոխման ճամփորդությունում: Ջուրն առանցքային է ցանկացած ազգային տնտեսության համար, և գործընկերային աշխատանքը վճռորոշ է բարեփոխումների համար աջակցություն ստանալու գոր¬ծում: Ազգային քաղաքականության երկխոսությանը Հայաստանի հանձնառությունը կայուն հար¬թակ է ապահովում փոփոխությունների համար»։
Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունը ներկայացնող Ալեքսանդր Զինկեն իր ելույթում նշել է․
«Ինչպես Եվրամիության Արևելյան գործընկերության մյուս երկրները, Հայաստանը նույն¬պես բախվում է ջրերի աղտոտվածության և ջրային ռեսուրսների շահագործման հետ կապված մարտահրավերների հետ, և այդ ռեսուրսներն ավելի լավ պահպանության կարիք ունեն: ԵՄ այս ծրագիրը շարունակում է ամրապնդել գետավազանային պլանավորման, մոնիթորինգի և կայուն ջրօգտագործման, ինչպես նաև հողօգտագործման, թափոնների և օդի աղտոտվածության վերաբերյալ լրացուցիչ տվյալների հավաքագրման և հրապարակման կարողությունները: Ընդհանուր առմամբ, մենք իսկապես գոհ ենք գրանցված առաջընթացից»: