ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.07.2022
Լրացումներ և փոփոխություններ ՀՀ ջրային օրենսգրքում

Այսօր գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում  Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի ներկայացմամբ քննարկվել է  ««ՀՀ ջրային օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագիծը` կից փաթեթով:
Փոխնախարարի խոսքով` օրենսդրական փաթեթով նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի որոշումից, եւ դրա ընդունումը հետամուտ է ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծման միջոցով ազգային ջրային պաշարի պահպանմանը, օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով անհրաժեշտ քանակի և որակի ջրով քաղաքացիների և տնտեսության պահանջների բավարարմանը, մակերեւութային և ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի վատթարացման կանխմանը, խիստ փոփոխված ջրային մարմինների կարգավիճակի բարելավմանն ու վերականգնմանը, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովմանը:
Փաթեթով սահմանվել են հիմնական հասկացություններ և ամրագրվել կարգավորումներ:
Մասնավորապես, սահմանվել է ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում հասկացությունը, քանի որ ՀՀ ջրային օրենսգրքի հիմնական գաղափարներից մեկը բոլոր առաջադեմ երկրների կողմից իրականացվող ջրային ռեսուրսների ջրավազանային համապարփակ կառավարման սկզբունքն է եւ այդ սկզբունքին անցնելը: Սահմանվել են նոր հասկացություններ, մասնավորապես, մակերեւութային ջրային մարմին, ստորերկրյա ջրային մարմին, խիստ փոփոխված ջրային մարմին, ջրային ռեսուրսների ինքնամաքրում, կլիմայի փոփոխման նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիություն և հարմարվողականություն և այլ կարեւոր հասկացություններ:
Ամրագրվել է մակերեւութային ջրերի որակի հինգ կարգավիճակ` «ջրային մարմնի գերազանց կարգավիճակ», «ջրային մարմնի լավ կարգավիճակ», «ջրային մարմնի միջակ կարգավիճակ», «ջրային մարմնի վատ կարգավիճակ», «ջրային մարմնի ցածր կարգավիճակ»` կախված ջրային մարմնի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական եւ կենսաբանական բնութագրիչներից: Ամրագրվել են դրույթներ ջրի գերազանց և լավ վիճակի պահպանման վերաբերյալ, համաձայն որոնց` պետք է ձեռնարկվեն միջոցներ գերազանց կամ լավ վիճակում գտնվող մակերեւութային ջրային ռեսուրսը պահպանելու համար: 
Կանոնակարգվել են ազատ ջրօգտագործման, ջրօգտագործման թույլտվության վերանայման հետ կապված իրավահարաբերությունները:
Ամրագրվել է ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիություն ապահովվելու սկզբունքը, որը կապահովի հավասար հասանելիություն անձանց համար:
Հստակեցվել են ջրօգտագործման թույլտվության 3 տարի անընդմեջ չօգտագործման օրինական հիմքերը: Առանց դրանց առկայության` ջրօգտագործման թույլտվությունը համարվում է ուժը կորցրած:
Ելույթում ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, կարևորելով ներկայացված փաթեթի անհրաժեշտությունը, նշել է, որ սա այն հարցն է, որը պետք է երկար քննարկվեր նաև շահագրգիռ անձանց մասնակցությամբ: Նրա խոսքով` քննարկմանը պետք է նախորդեին լսումներ. «Սա այն հարցն է, որը մենք ինքնուրույն չպետք է լուծենք, առանց ճշտելու համապատասխան շահագրգիռ կազմակերպությունների վերաբերմունքը, այդ թվում` համայնքների»: 
Եզրափակիչ ելույթում փոխնախարարն ընդգծել է, որ վերոնշյալ նախագիծը համապատասխան գերատեսչություններում շրջանառվել է 1,5 տարի, եղել են բազմաթիվ ներքին քննարկումներ, քննարկվել է նաև Ազգային ժողովի տարբեր հանձնաժողովներում, եղել են նաև հանրային լսումներ և միջազգային դոնոր գործընկերների հետ կոորդինացնող հանդիպում-քննարկումներ։