ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.12.2022
Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի ծրագրի խորհրդի նիստը

Այսօր տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի նիստը:
Խորհրդի նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը (Ծրագրի խորհրդի համանախագահ), Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին (Ծրագրի խորհրդի համանախագահ), նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և շահագրգիռ գերատեսչություններից խորհրդի անդամները։
Նախքան նիստի մեկնարկը հաստատվել է Ծրագրի խորհրդի փոփոխված կազմը և օրակարգը։
Բացման խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Նախարարն իր խոսքում անդրադարձել է Ծրագրի կարևորությանը Հայաստանի Հանրապետության համար.
«Կառավարության 2021-2026 թթ. ծարագրով կարևորվում է շրջակա միջավայրի պահպանության, տնտեսության զարգացման և սոցիալական պաշտպանության ներդաշնակեցումը։ Այս մոտեցումը լիարժեք արտացոլում է էներգաարդյունավետության խթանման միջոցառումներում՝ լինի դա շենքերում, տրանսպորտում, արդյունաբերությունում և գյուղատնտեսությունում»,-նշել է նախարարը։
Նախարարը նաև անդրադարձել է ծրագրի իրականացման ազդեցությանը Փարիզյան համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման արդյունավետության վրա.
«Փարիզյան համաձայնագրի և Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում չափազանց կարևորվում են էներգաարդյունավետության խնդիրները։ Այս Ծրագրի բնապահպանական նպատակն է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, որոնք առաջանում են շենքերում էներգասպառումից, ինչը կազմում է Հայաստանի Հանրապետությունում սպառված էներգիայի 37 տոկոսը: Ակնհայտ է, որ շենքերում էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, բացի սոցիալական օգուտներից, համապատասխանում է նաև մեր երկրի էներգետիկ անկախության բարձրացմանը և շենքային ֆոնդի պահպանության քաղաքականությանը»,-նշել է նախարարը:
Ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ՄԱԶԾ-ԿԿՀ Ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը, ով ներկայացրել է 2022 թվականի համար Ծրագրի առաջընթացի հաշվետվությունը և առաջիկա գործողությունները, առկա խնդիրները, մարտահրավերներն ու խոչընդոտները և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ, Ծրագրի 1-ին բաղադրիչի պատասխանատու Արմեն Աջամօղլյանը, որին հաջորդել է ընդլայնված քննարկում։
Քննարկման ընթացքում նախարարը կրկին կարևորել է հանրության հետ տարվող աշխատանքի համակարգվածությունը, որից էլ մեծապես կախված է ծրագրի արդյունավետությունը։
Ընդհանուր առմամբ Ծրագրի օժանդակությամբ և համաֆինանսավորմամբ ջերմաարդիականացվել են շուրջ 140 շենքեր, որոնցից 98-ը բնակելի և 42-ը՝ հասարակական։
Հիմք ընդունելով 2021թ. Ծրագրի Խորհրդի առաջարկը, ՄԱԶԾ-ն դիմել է Կլիմայի կանաչ հիմնադրամին Ծրագրի գործողության ժամկետը 36 ամսով երկարաձգելու համար։
Հանդիպման ավարտին նախարարը գործընկեր գերատեսչություններին հորդորել է ավելի սերտացնել համագործակցությունը Ծրագրի հետ՝ նպաստելով հասարակական շենքերի վերակառուցման ծրագրերում էներգաարդյունավետության  միջոցառումների լիարժեք ներառմանը՝ դրանով իսկ ծառայելով բնապահպանական օրակարգին։