ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.01.2021
ԱԺ-ն վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև» հիմնական համաձայնագիրը

Այսօր  Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը  խորհրդարանում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև» հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Փոխնախարարը հայտնեց, որ  ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի   194 կողմ երկրների մասնակցությամբ  2010 թվականին ստեղծվել է «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ը (այսուհետ` Հիմնադրամ), որպես Կոնվենցիայի ֆինանսական մեխանիզմի գործառնական մարմին։ Հիմնադրամի գլխավոր առաքելությունն է  աջակցել և տրամադրել ֆինանսական միջոցներ կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի զարգացող երկրներին՝ ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակմանը կամ կրճատմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության բացասական հետևանքներին հարմարվողականությանն ուղղված գործողություններ իրականացնելու համար։ Արդյունքում՝ ապահովելով կայուն զարգացման համատեքստում անցումը դեպի ցածր ածխածնային և կլիմայի նկատմամբ դիմակայուն համակարգ։
ԿՓՇԿ  Փարիզյան համաձայնագրի ներքո ստանձնած պարտավորությունների իրականացման շրջանակներում զարգացող երկրները պաշտոնապես հայտարարել են 2020 թվականից սկսած  տարեկան 100 մլրդ. ԱՄՆ դոլարի հանձնառության վերաբերյալ, ինչը կուղղվի կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործողությունների իրականացմանը զարգացող երկրներում՝ այդ թվում Հիմնադրամի միջոցով։   
Հիմնադրամի Լիազորված ազգային մարմինը Շրջակա միջավայրի նախարարությունն է, իսկ որպես ազգային համակարգող հանդես է գալիս շրջակա միջավայրի նախարարը:  
Ազգային ժողովը (կողմ՝ 84, միաձայն) վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև» հիմնական համաձայնագիրը։
Կառավարության ու «Կանաչ կլիմայի» համաձայնագիրը նոր հնարավորություններ կտա։