ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.12.2023
Կայացել է էկոկրթական հերթական միջոցառումը

Շրջակա միջավայրի նախարարության էկոկրթական հերթական միջոցառման նպատակը թափոնների կառավարումն էր՝ ի նպաստ շրջակա միջավայրի։
Այս անգամ Հայաստանի բնության պետական թանգարանում էին հյուրընկալվել Հայաստանի տարբեր դպրոցների աշակերտներ՝ նախարարության մասնագետի օգնությամբ թափոնին նոր կյանք պարգևելու։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝  թանգարանի տնօրեն Լիլիթ Գալստյանը կարևորեց թափոնների արդյունավետ կառավարումը շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, ընդգծեց դպրոցականների դերն այդ գործում և նշեց, որ Հայաստանի բնության պետական թանգարանի դռները բաց են ոչ միայն Հայաստանի բնաշխարհին ծանոթանալու, այլ նաև բնապահպանական միջոցառումներ կազմակերպելու համար։
Թափոն դարձած թերթերը, կտորեղենը, թելերը, ծառերի չոր ճյուղերն ու պտուղները աշակերտների ձեռքերով վերածվեցին ձմեռն ու ամանորը խորհրդանշող իրերի։ 
Աշխատարանում պատրաստած իրերով աշակերտներն իրենց դպրոցները կզարդարեն, իսկ ձեռք բերած հմտություններով կկիսվեն շրջապատում։
Օրվա թափոնները յուրովի կառավարելու համար աշակերտական խմբերն արժանացան Հայաստանի բնության պետական թանգարանի խրախուսանքին։
Միջոցառումը կշարունակվի դեկտեմբերի 20-ին՝ այլ դպրոցականների մասնակցությամբ։