ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.06.2024
Տեղի է ունեցել Հարավային ջրավազանային կառավարման պլանի նախագծի քննարկումը

Տեղի է ունեցել Հարավային ջրավազանային կառավարման պլանի նախագծի երկրորդ հանրային քննարկումը։ 
Քննարկման հիմնական նպատակն էր՝ ներկայացնել հարավային ջրավազանային կառավարաման տարածքում ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրներն ու առաջարկվող միջոցառումները և ստանալ դրանց վերաբերյալ շահագրգիռ կողմերի կարծիքներն ու մեկնաբանությունները՝ միջոցառումների ծրագիրը պատշաճ կազմելու համար:
Միջոցառման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի և Շրջակա միջավայրի նախարարության փորձագետները ներկայացրել են Հարավային ջրավազանային կառավարաման տարածքում ջրային ռեսուրսների վրա բացահայտված էական քանակական և որակական ճնշումները, առկա և կանխատեսվող ազդեցությունները։ 
Ներկայացվել ու քննարկվել են  նաև առաջիկա հինգ տարվա ընթացքում դրանց հասցեագրմանն ուղղված առաջարկվող միջոցառումները։
Ողջույնի խոսքով հանդես են եկել  եկան Շրջակա միջավայրի Ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանը, Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, ովքեր կարևորել են  շահակիր կողմերի և ոլորտի մասնագետների ակտիվ մասնակցությունը կառավարման պլանի ամբողջականացման և միջոցառումների ծրագրի ամփոփման գործընթացներում։ 
Միջոցառմանը ներկա են գտնվել  և առցանց մասնակցել  Շրջակա միջավայրի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Վիճակագրական կոմիտեի, այլ պետական մարմինների, Սյունիքի մարզպետարանի, մարզի տարածքային ինքնակառավարման մարմինների, հանրային կազմակերպությունների, գիտական հաստատությունների և ԲՈՒՀ-երի ավելի քան 60 ներկայացուցիչ։
Հարավային ջրավազանային կառավարման պլանի վերանայման պահանջը պայմանավորված է ՀՀ ջրային օրենսգրքի իրավակարգավորումներով և նպատակ ունի գնահատել հարավային ջրավազանային կառավարման տարածքի ներկա վիճակը, խնդիրներն ու նոր երևան եկած հանգամանքները՝ առաջարկելով ջրային ռեսուրսների բարելավմանն ուղղված միջոցառումներ և իրականացման մեխանիզմներ` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները և ՀՀ ջրային օրենսգրքի սկզբունքներն ու ջրավազանային կառավարմանը ներկայացվող պահանջները:
Հարավային ջրավազանային կառավարման պլանի նախագծի առաջին հանրային քննարկումը կազմակերպվել էր մարտին, Սյունիքի մարզի Կապան քաղաքում` ԱՄՆ ՄԶԳ ծրագրի աջակցությամբ։