ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.07.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանը և Արամ Մեյմարյանը ընդունել են Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) ներկայացուցիչներին

 Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթությունները, հնարավոր համագործակցության ընդլայնման ձևաչափերը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Նախարարի տեղակալները բարձր են  գնահատել հայ-շվեդական համագործակցությունը և շնորհակալություն հայտնել SIDA-ին Հայաստանում շրջակա միջավայրի ոլորտում  շարունակական աջակցության համար և անդրադարձել մասնավորապես SIDA-ի կողմից ֆինանսավորվող «Համայնքի կայունության ամրապնդում էներգիաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ՄԱԶԾ-ՇՄԶԳ ծրագրին (բյուջե՝ 1,1 մլն ԱՄՆ դոլար, տևողությունը՝ հունվար 2022-դեկտեմբեր 2024), որն այս պահին մեկնարկային փուլում է։
Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ ծրագրի շրջանակներում համայնքներում, ենթակառուցվածքներում և շենքերում արվող էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի ներդրումները չափազանց կարևոր են խոցելի համայնքների համար և կարևոր են կանաչ վերականգնման տեսանկյունից:
Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում SIDA-ի աջակցությունը կլիմայական ոլորտում՝ հաշվի առնելով կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման ուղղությամբ մեր երկրի հավակնոտ նպատակները և Ազգային մակարդակով սահմանված ներդրումները (NDC)։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անտառային ոլորտում հայ-շվեդական համագործակցությանը։ 
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նշել է, որ այս բնագավառում առկա է համագործակցության լավ ներուժ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ոլորտը երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում։ 
Անդրադարձ է կատարվել նաև կոշտ թափոնների կառավարման ոլորտին։
Հայաստանը CEPA-ի համաձայնագրով («Հայաստան-ԵՄ hամապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր») պարտավորվել է կատարելագործել թափոնների կառավարման համակարգը, մասնավորապես Հայաստանում ներդնելով Արտադրողի ընդլայնված պատասխանատվության  (EPR) համակարգը։ 
Շրջակա միջավայրի նախարարությունը շնորհակալ է SIDA-ին՝ թափոնների կառավարման ոլորտում իրականացվող ծրագրի ֆինանսավորման համար, որն իրականացվելու է Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից: Շուտով կստորագրվի եռակողմ հուշագիր Շրջակա միջավայրի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի Ամերիկյան համալսարանի միջև։
Շվեդական կողմը հետաքրքրվածություն է ցուցաբերել նաև լքված հանքավայրերի և պոչամբարների ռեկուտիվացիայի բնագավառում հնարավոր համագործակցության ուղղությամբ։ 
Անդրադարձ է կատարվել  ՀՀ Շրջակա միջավայրի և Շվեդիայի շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի նախագծին, որը համաձայնեցվել էր շահագրգիռ գերատեսչությունների հետ, ներկայացվել արտաքին գործերի նախարարություն՝ շվեդական կողմին փոխանցելու համար։
Հանդիպման ավարտին կողմերը ամփոփել են նաև վերջերս Շվեդիայի Թագավորությունում (Ստոկհոլմ) կայացած «Ստոկհոլմ+50. առողջ մոլորակ բոլորի բարգավաճման համար, մեր պատասխանատվությունը, մեր հնարավորությունը» խորագրով միջազգային միջոցառման արդյունքները, որին մասնակից 193 երկրների և միջազգային խոշոր բնապահպաական կազմակերպությունների շարքում մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի։
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել միջացառման կազմակերպման և հյուրընկալության համար,ապա ներկայացրել այցի ընթացքում իրականացրած հանդիպումներն ու  ձեռք բերված պայմանավորվածությունները։