ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.07.2022
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք այցելուների մուտքի նոր կարգ

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ այսուհետ գործում է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների այցելության նոր կարգ․ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավաելագույնը 3 ժամով, ժամը 10:00-18:00-ն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից տրված անցագրերով և տեսուչների հսկողության ներքո։
Տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավել քան 30 անձ։
Արգելոցի և արգելավայրի տարածքում ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է`

  • բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը.
  • սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջությունը.
  • ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.
  • տարածքի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը.
  • ժամանակավոր ծածկով, ոչ բետոնային հիմքով, մինչև 20 մ2 մակերեսով, առանց սեղանների հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը ճանաչողական զբոսաշրջության երթուղիներում, առավելագույնը` 3 հատ.
  • կրթադաստիարակչական միջոցառումների անցկացումը.
  • Նորաշենի արգելոցի և արգելավայրի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունները:

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝

  • մուտքը թռչունների ձվադրավայրեր (բացառությամբ գիտական ուսումնասիրությունների).
  • թռչունների ձվերի հավաքը.
  • թռչուններին անհանգստացնելը աղմուկով և այլ անհանգստություն առաջացնող գործունեությամբ (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն).
  • ճանաչողական զբոսաշրջության համար սահմանված երթուղիներից դուրս գտնվելը.
  • տարածքի աղտոտումը կենցաղային, արդյունաբերական և քիմիական թափոններով.
  •  խարույկ վառելը և այլ հրդեհածին գործունեությունը.
  • արգելոցի սահմանային սյուների, տեղեկատվական նշանների, ցանկապատների և ցուցանակների վնասումը: 

Արգելոցի և արգելավայրի ջրային տարածքում ԱՐԳԵԼՎՈՒՄ Է`

  • ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
  • ձկնորսությունը, որսորդությունը, խեցգետնի և ջրային այլ կենդանիների որսը.
  • շարժիչավոր ջրային տրանսպորտային միջոցների մուտքը արգելոցի ջրային տարածք` ափից մինչև 300 մ հեռավորությամբ, բացառությամբ արգելոցի կամ արգելավայրի պահպանության համար անհրաժեշտ դեպքերի.
  • ջրային տարածքի աղտոտումը։

ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր այցելուի մուտքը սահմանել 1500 ՀՀ դրամ, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ 3000 ՀՀ դրամ:
Գումարը կարող եք վճարել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին՝ 900018002890 կամ վճարել անցակետում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակցին և ստանալ ՀԴՄ կտրոն:
Այցելությունների արդյունքում գոյացած գումարներն ուղղվելու են արգելոցի և արգելավայրի պահպանությանը։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 0261 2 40 44 հեռախոսահամարով։