ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.05.2021
Այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա

Լճից դուրս է բերվել մանրաձուկ որսալու թվով 20 ապօրինի ցանց և ցանցերում առկա 230 հատ մանրաձուկ։
Ցանցերն առգրավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
Տարիներ շարունակ Սևանա լճի կենսաբազմազանության օգտագործումը հիմնականում ընթացել է առանց հաշվի առնելու կենսապաշարների վերարտադրության ապահովման բնական հնարավորությունները։ Օգտագործման այսպիսի մոտեցման արդյունքում աստիճանաբար տեղի է ունեցել տեսակների դեգրադացիա, և նույնիսկ ոչնչացում։
Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Նախարարության պատասխանատու ստորաբաժանումներն ու ենթակա կառույցները սերտորեն համագործակցում են պետական այլ մարմինների՝ գերատեսչությունների և ծառայությունների հետ, խնդրին համապարփակ և համակողմանի լուծում տալու համար։ Այսօր պետությունը ջանք չի խնայում Սևանա լճի կենսապաշարների վերականգնման և լճի առողջացմանն ուղղված միջոցառումների շրջանակում։
Ուստի, հորդորում ենք մեր հայրենակիցներին իրենց վարքով չխոչընդոտել դաշտը կանոնակարգելու ու համակարգելու գործընթացներին։ 
Սևանա լճում կենսապաշարների կայուն կառավարումը բխում է ինչպես Սևանա լճի, այնպես էլ ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։