ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.12.2022
Ամփոփվեց «Սևանի ընկերներ» ծրագիրը

Այսօր  տեղի ունեցավ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի աջակցությամբ` «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Սևանի ընկերներ» ծրագրի եզրափակիչ միջոցառումը:
«Սևանի ընկերներ» ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունն՝ նպաստելով Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանությանն ու էկոհամակարգի վերականգնմանը։ 
«Սևանի ընկերներ» իրազեկության բարձրացմանն ծրագիրը ընգրկեց Գեղարքունիքի մարզի շուրջ 35 համայնք,  40 դպրոց և ավելի քան 4000 մեծ ու փոքրի: Միացյալ ջանքերով 2022թ ապրիլից նոյեմբեր ամիսներին իրականացվեց 32 վեբինար, 55 թեմատիկ բաց դաս և քննարկում, ընտրված 12 դպրոցների ուսուցիչների և ծրագրի դեսպանների վերապատրաստում, 5 թեմատիկ մոդուլ: 
Ծրագրի ամենասիրելի մասը դարձավ «Սևանի աղերսը» թատերական ներկայացումը, որը Գեղարքունիքի մարզում ներկայացվեց շուրջ 1500 հանդիսատեսի:
Ծանոթանալով ինովացիոն գյուղատնտեսությանը, էկոտուրիզմի մոտեցումներին, ջրի մոնիտորինգի և ԱՏՀ գործիքներով գիտական լուծումներին, ջրի կայուն կառավարմանը և կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիաներին, ինչպես նաև նախագծերի մշակման և կառավարման հմտություններին՝ Դպրոցների կողմից ձևավորված աշխատանքային խմբերը մշակեցին հիանալի գաղափարներով հարուստ 9 նախագիծ:
Եզրափակիչ միջոցառման ընթացքում ներկայացվեցին «Սևանի ընկերներ» ծրագրի գործունեության արդյունքները, ինչպես նաև անցկացվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի ընտրված դպրոցների կողմից մշակված և Սևանա լճի էկոհամակարգի բարելավմանն ու պահպանությանն ուղղված ծրագրերի մրցույթ։ Հատուկ հանձնաժողովի կողմից ընտրվեցին լավագույն 5 նախագծերը: Ընտրված թիմերը «Սևանի ընկերներ» ծրագրի հաջորդ փուլում կշարունակեն աշխատել իրենց նախագծերն ավելի կատարելագործելու և դրանց կյանքի կոչվելու նպատակով: 
Ծրագրերի մրցույթին ներկայացված գաղափարներն էին՝ 
 «Թթվածին Սևանի համար» (Գավառ, Կարմիրգյուղ),
«Էկոտուր Վարդենիկում» (Վարդենիկ),
«Սևանի ընկերներ» էկոկենտրոն (Դդմաշեն), 
«Իրազեկողների արշավական ակումբ» (Արծվանիստ),
«Ինովացիոն ջերմոց» (Լճավան), 
«Գեղեցիկ ու մաքուր Սևան» (Ծովագյուղ), 
«Գեղարքունիքի ամենամաքուր քաղաք՝ Վարդենիս» (Վարդենիս), 
«Մաքուր գետեր, մաքուր Սևան» (Ակունք),
«Սևանը զբոսաշրջիկների աչքերով» (Սարուխան): 
Նշված բոլոր ծրագրերի հիմնական նպատակը Սևանա լճի պահպանությունն է: 
Մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչվեցին հետևյալ նախագծերը՝
«Իրազեկողների արշավական ակումբ» (Արծվանիստ),
«Գեղարքունիքի ամենամաքուր քաղաք՝ Վարդենիս» (Վարդենիս), 
«Սևանի ընկերներ» էկոկենտրոն (Դդմաշեն), 
«Թթվածին Սևանի համար» (Գավառ, Կարմիրգյուղ),
«Ինովացիոն ջերմոց» (Լճավան), 
Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները ստացան նվերներ և շնորհակալագրեր մասնակցության համար: Հատուկ նվերներ ստացան նաև ծրագրի դեսպաններն ու ուսուցիչները, ինչպես նաև ընտրված 5 թիմերը:
EU4Sevan ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի կողմից՝ որպես «ECOServe» ծրագրի մաս, և ՄԱԶԾ կողմից: