ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.08.2022
Տեղի է ունեցել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի և նախարարության իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանի մամուլի ասուլիսը

Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի և նախարարության Իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանի մամուլի ասուլիսը: 
Ասուլիսի ընթացքում ներկայացվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և ինչ նոր կարգավորումներ ու փոփոխություններ է առաջարկում նոր նախագիծը։
Բանախոսներն անդրադարձել են օրենքի նախագծով սահմանված մի շարք փոփոխությունների, այդ թվում՝ 
Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության օրենքի փոփոխությունից հետո Հայաստանում կառուցվող բոլոր ՀԷԿ-երը` անկախ դրանց հզորությունից, պետք է անցնեն շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն։
Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության օրենքից բացի, մշակված փաթեթով փոփոխություններ են առաջարկվում Վարչական իրավախախտումների օրենսգրքում, Ընդերքի մասին օրենքում, Լիցենզավորման մասին օրենքում ու Պետտուրքի մասին օրենսգրքում։
Գործող օրենսգրքով նախատեսված պատասխանատվությունը նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով է, այս նախագծով մինչև 5000-պատիկ տուգանք կարող է նշանակվել, եթե տնտեսվարողը տեսչական մարմնի նախազգուշացումից, խախտումն արձանագրելուց ու տուգանքից հետո նորից չի ներկայացնում ՇՄԱԳ փորձաքննության:
Նոր օրենսդրական կարգավորմամբ, պատասխանատվություն է սահմանվում նաև փորձաքննությամբ նախատեսված նորմերից շեղվելու, նախանշված պայմանները չկատարելու համար, ինչի դիմաց գործող օրենսդրությամբ որևէ պատասխանատվություն նախատեսված չէ։
Տնտեսվարողը կամ կառույցը իր նախագծի շուրջ կարող է հանրային լսումներ կատարել երկու անգամ, գործող 4-ի փոխարեն: Եթե երկուսից ավելի հանրային լսումների անհրաժեշտություն կա, ապա օրենքը չի արգելում, դա կարող է արվել: Պարզապես հանրային լսումների նվազագույն պահանջը սահմանվել է 2:
Նախագիծն այժմ շրջանառվում է կառավարությունում: Նախատեսվում է, որ գործադիրն այն հավանության կարժանացնի մինչև սեպտեմբերի 1-ը: Ակնկալվում է, որ այս նոր նախագիծը կլինի խորհրդարանի աշնանային նստաշրջանի օրակարգում: