ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.05.2021
Արծվանիստ և Վարդենիկ համայնքներում կայացավ «Պատասխանատու եմ Սևանի համար» խորագրով բնապահպանական միջոցառումը

Գեղարքունիքի մարզում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության  բնապահպանական ծրագրերի՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության  կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն»  ծրագրի, ինչպես նաեւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության եւ ԳՄՀԸ կողմից համատեղ իրականացվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի  շրջանակներում կայացավ «Պատասխանատու եմ Սեւանի համար» խորագրով բացօթյա միջոցառումը եւ համատեղ շրջայցը:
Միջոցառման ընթացքում հյուրերը սկզբում ժամանեցին Արծվանիստ գետի տարածք, ծանոթացան «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին, մասնակցեցին ընթացիկ մաքրման աշխատանքներին համայնքի անդամների հետ միասին: Կենցաղային աղբի թափոններից ամբողջովին մաքրվեց Արծվանիստ գետի՝ Սեւանա լիճ թափվող հատվածը։ Մասնակիցներն այնուհետեւ ուղեւորվեցին դեպի Վարդենիկ համայնք, որտեղ էլ հնարավորություն ստացան ծանոթանալու «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի «Կաղամբի նոր տեսակների մշակումը Գեղարքունիքի մարզում» ենթածրագրի շահառուներին։
«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի  շրջանակում մայիսի 3-ից 11-ը տնկվել է ուռենու 135,990 կտրոն՝ Մասրիկ եւ Կարճաղբյուր գետերի ափամերձ տարածքներում` Մեծ Մասրիկ, Ախպրաձոր եւ Վարդենիս համայնքների վարչական շրջաններում։ Նշված համայնքներից աշխատանքներին մասնակցել են 63 բնակիչ: Մայիս ամսվա ընթացքում Սեւանա լիճ թափվող մի շարք գետերի ափամերձ տարածքներում կտնկվի շուրջ 600.000 ուռենի: Կմաքրվեն Սեւանա լիճ թափվող մի շարք գետերի ափամերձ տարածքներ: Գարնան եւ ամռան աշխատանքներին կմասնակցեն Գեղարքունիքի մարզից շուրջ 500 բնակիչ: «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագիրը  տրամադրում է ժամանակավոր աշխատանք եւ աշխատանքի դիմաց եկամուտ այն մարդկանց, ովքեր տուժել են համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքներից՝ նպաստելով Սեւանա լճի եւ Սեւանա լիճ թափվող գետերի էկոհամակարգերի վերականգնմանը: