ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.03.2023
Փորձի փոխանակում Օրհուս կենտրոնների գործունեության շրջանակում

Շրջակա միջավայրի նախարարի հրամանով Օրհուս կենտրոնների ինստիտուցիոնալ իրավական նոր կարգավիճակի վերաբերյալ առաջարկի մշակման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներգրավված են ինչպես նախարարության աշխատակիցներ, այնպես էլ քաղհասարակության ներկայացուցիչներ: 
Աշխատանքային խմբի գործունեության շրջանակում մարտի 27-ին ոչ ֆորմալ ձևաչափով  տեղի է ունեցել փորձի փոխանակման առցանց հանդիպում Վրաստանի գործընկերների հետ: 
Հանդիպմանը մասնակցել է նաև Օրհուսի կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչ Մարինա Յանուշը: Նա կարևորել է Օրհուս կենտրոնների դերը տարածաշրջանում Օրհուսի կոնվենցիայի սկզբունքների տարածման ու երեք հիմնասյուների իրականացման գործում, ինչպես նաև շնորհակալություն հայտնել  Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) կենտրոններին շարունակական աջակցության համար:
Կոնվենցիայի Հայաստանի և Վրաստանի ազգային համակարգողները ևս կարևորել են Օրհուս կենտրոնների աջակցությունը ազգային մակարդակում կոնվենցիայի դրույթների ներդրման ու իրականացման գործում: 
Վրաստանում Օրհուս կենտրոնը ստեղծվել է 2005 թվականին՝ Հայաստանի փորձի հիման վրա: 2013-ին այն ընդլայնվել է և վերաձևավորվել որպես «Բնապահպանական տեղեկատվության և էկոկրթության կենտրոն»: 
Կենտրոնի ղեկավար Թամար Ալադաշվիլին մանրամասն ներկայացրել է կենտրոնի իրավական հիմքերը և գործառույթները, ինչպես նաև գործությունն ու առաջիկա պլանները:
Հանդիպումը իրականացվել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի գրասենյակի աջակցությամբ: Գրասենյակի շրջակա միջավայրի պահպանության հարցերով համագործակցության ղեկավար Քրիստիան Մելիսը կարևորել է Օրհուս կենտրոնները վերաբացելու Հայաստանի ջանքերը և տեղեկացրել, որ ԵԱՀԿ-ն, Օրհուս կենտրոնների ծրագրի շրջանակում, պատրաստ է աջակցելու գործընթացին: