ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.10.2022
Քննարկվել է Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի հարցը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում-քննարկում Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի և հնարավոր վերագործարկման վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանը, Տիգրան Գաբրիելյանը, նախարարի իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը, ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ներկայացուցիչներ Արրտաքին գործերի նախարարությունից, նախկինում գործող Օրհուս կենտրոնների համակարգողներ և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ ։
Սա Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի վերաբերյալ առաջին հանդիպում-քննարկումն էր 2017 թվականից ի վեր։
Ողջունելով քննարկման մասնակիցներին, նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Օրհուսի կոնվենցիայի վավերացմամբ մեր երկրի կողմից ստանձնած պարտավորություներին և դրա համատեքստում Օրհուս կենտրոնների գործունեությանն ու դրանց պոտենցիալի արդյունավետ իրացման հնարավորություններին՝ հատկապես շեշտադրելով կենտրոնների ինստիտուցիոնալ կայացման անհրաժեշտությունը։
«Շնորհակալ եմ, որ ձեր ժամանակը տրամադրել եք և ներկա եք այս հանդիպմանը, որպեսզի համատեղ ուժերով լուծում գտնենք Օրհուս կենտրոնների գործունեությունը առավել նպատակային ու շարունակական դարձնելու հարցում։ Կառավարություն-հասարակություն հարաբերութունների շղթայում կարևոր է կոնվենցիայի դրույթների լիարժեք կատարումը։ Իմ դիտարկումների և տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում հանգել եմ այն մտքին, որ Օրհուս կենտրոնները կարևոր են հատկապես մարզային մակարդակում ժողովրդավարական արժեքների ամրապնդման, հանրության պատշաճ իրազեկման ու բնապահպանական օրենսդրության մշակման գործընթացներում ներգրավման առումով։
Այս քննարկմանն ակնկալում եմ լսել առողջ և փաստարկված դիտարկումներ, առաջարկներ, որոնք կօգնեն հասկանալ այդ կենտրոնների հետագա ճակատագիրը»,-նշել է նախարարը։
Նախարարի իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը զեկույցի տեսքով  ներկայացրել է Օրհուս կենտրոնների ստեղծման պատմությունը, դերը և  գործունեությունը։
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը ներկայացրել է Օրհուս կենտրոնների դերը շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցերում։
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիաննա Ասոյանն անդրադարձել է Գավառի Օրհուս կենտրոնի աշխատանքներին, որի օրինակով էլ քննարկվել են կետրոնների գործունեության մի շարք մանրամասներ։
Մասնակիցների կողմից հնչել են մի շարք ելույթներ, տեսակետների ներկայացում՝ Օրհուս կենտրոնների հետագա գործունեության առնչությամբ։
Նախարար Հակոբ Սիմիդյանը ևս մեկ անգամ վերահաստատել է  հանրության և հատկապես բնապահպանական ակտիվ շրջանակի հետ բաց, թափանցիկ և հաշվետվողական աշխատանքի իր պատրաստակամությունը.
«Ցանկացած երկրում հասարակություն-կառավարություն հաագործակցությունն ի սկզբանե լավն է լինում, դա վատն է և թերություններով, երբ երկրի ներսում կայացած չեն  ինստիտուտները։ Ինստիտուտ ասելով չպետք է հասկանալ միայն պետական համակարգի կառույցները, այլ նաև հասարակական միավորները, և նմանատիպ կենտրոնները որպես այդպիսին։
Ես որպես ոլորտի համակարգող պարտավորություն ունեմ հանրությանը ներգրավել ոլորտին առնչվող որոշումների կայացման գործընթացներին, բայց դա անելու համար միայն ցանկությունը և պարտավորվածությունը բավարար չեն. դա պատշաճ  անելու համար պետք է նախ առկա լինեն դրա գործիքակազմը  և հանրության տեսակետների ամբողջական հավաքագրման ու վերլուծության հնարավորությունները։
Այս գրասենյակներն այդ գործիքակազմի մի մասն են։ Մեծ ցանկություն ունեմ, որ դրանք գործեն, բայց միայն այն դեպքում, երբ մենք ունենալու ենք տեսանելի և շոշափելի արդյունք»,-նշել է նախարարը և իր խոսքը եզրափակել հիշեցմամբ, որ իր և հանրության դիրքորոշումները ոլորտի վերաբերյալ հակադրության մեջ չեն։
«Որպես շրջակա միջավայրի նախարար իմ գործունեությունը երբեք  հանրության շահերի հակադրություն չէ։ Շատ ժամանակ ինձ իմ աշխատանքի մեջ առավել արդյունավետ որոշումներ կայացնելու համար օգնում է հենց խնդիրների վերաբերյալ հանրության դժգոհությունը և կարծիքը։ Բայց և հաճախ կարիք կա այդ դժգոհության վերաբերյալ մասնագիտական, փորձագիտական գնահատական, որը և ակնկալում եմ Օրհուս կենտրոններից»։
Հանդիպման արդյունքում որոշում է կայացվել ձևավորել աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում կհավաքագրի, կվերլուծի և կներկայացնի գրասենյակներ իրավական կարգավիճակի մասին շահագրգիռ կողմերի կարծիքները։