ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.10.2021
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նախագիծը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
ՀՀ ընդերքի մասին օրենսդրությամբ նախատեսված են ընդերքօգտագործողների կողմից սահմանված չափով կատարվող հատկացումների հաշվին ստեղծվող շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ և շրջակա միջավայրի պահպանության դրամագխի վճարներ՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման՝ ընդերքօգտագործման ընթացքում խախտված հողերի վերականգնման համար։
2020 թվականի հուլիսի 16-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքը, որով շրջակա միջավայրի նախարարությանը վերապահվել է իրավասություններ՝ մշակելու շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգ, իսկ Կառավարությանը՝ վերոնշյալ կարգի սահմանումը։
Ներկայումս գործում է ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի «Բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը, մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1128-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1079-Ն որոշումը, որով սահմանված կարգավորումները, դրանց մշակման վաղեմությամբ պայմանավորված, հնարավորություն չեն տալիս լիարժեք և առանց խոչընդոտների իրականացնել ռեկուլտիվացման աշխատանքների կատարման նպատակով ընդերքօգտագործողին դրամագլխից գումարների տրամադրման կամ, ընդերքօգտագործողի կողմից չկատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների կամ դրանց մի մասի հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ աշխատանքները կատարելու գործընթացը։
Անհրաժեշտ է ստեղծել իրավական հիմքեր, որոնք կապահովեն ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման հավաստիության, դրանց որակի՝  կատարողական ակտերին,  նախագծին կամ ծրագրին կամ ընդերքօգտագործման պայմանագրին համապատասխանության որոշման գործընթացի իրականացումը, իրականացված ռեկուլտիվացիոն աշխատանքների ծավալների ու ծախսերի համապատասխանության որոշման, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին ընդերքօգտագործողների կողմից հատկացված գումարներն առավել արդյունավետ կառավարումն ու օգտագործումը, ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողատարածքների պիտանի վիճակի բերելու գործընթացը:
Նախագծով կհստակեցվի շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը,  ընդերքօգտագործողին կամ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին՝ սեփական նախաձեռնությամբ  ռեկուլտիվացման աշխատանքների կատարման նպատակով դրամագլխից գումարների տրամադրման գործընթացը, ինչպես նաև շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից որոշում կայացնելու գործընթացը։ 
Կընդլայնվի պետական այլ մարմինների ներգրավվածությունը ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման ապահովման գործընթացում։ 
Էականորեն կբարելավվի ընդերքօգտագործողին ռեկուլտիվացման աշխատանքների իրականացման նպատակով դրամագլխից համապատասխան կատարողական ակտերով ընդունված աշխատանքների նախահաշվային արժեքներին համապատասխան գումար տրամադրելու, մասնակի տրամադրելու կամ չտրամադրելու մասին որոշման կայացման ընթացքը, կմեծանա դրամագլխից ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման նպատակով հատկացվող գումարների ծախսման արդյունավետությունը։