ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.10.2021
Դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին են ներկայացվել Փարիզյան համաձայնագրի ներքո երկրի պարտավորությունների և ԱՍԳ գործընկերության պլանի իրագործմանը միտված քննարկումների միջանկյալ արդյունքները

Օրեր առաջ «Մասնավոր հատվածի դերը Հայաստանի Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) գործընկերության պլանի իրականացման գործում» թեմայով սեմինարների շարքի արդյունքները ներկայացվել են ՀՀ Կառավարության, Շրջակա միջավայրի նախարարության և գործընկեր դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին։ 
Միջոցառումը կազմակերպվել էր Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 26-րդ համաժողովին (#COP26) ընդառաջ և նպատակ ուներ խթանել պետական ինստիտուտների, միջազգային դոնոր համայնքի և մասնավոր հատվածի միջև երկխոսությունը Հայաստանի կլիմայական հավակնոտ օրակարգի իրագործման շուրջ։
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը բացման խոսքում նշել է․ «Ուրախ ենք տեսնել ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարությամբ մասնավոր հատվածի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունն ուղղված Հայաստանի կլիմայական օրակարգի շուրջ քաղաքականության երկխոսության ամրապնդմանը։ Շրջակա միջավայրի նախարարությունը,  որպես ոլորտը համակարգող գերատեսչություն, աջակցում է միջազգային գործընկերների կողմից տրամադրվող ֆինանսական և տեխնիկական ռեսուրսների առավել արդյունավետ և նպատակային օգտագործմանը՝ համաձայն ՀՀ Կառավարության կողմից սահմանված առաջնահերթությունների և վերջինիս կողմից հաստատված 2021-2030 թթ․ ԱՍԳ-ի»։
Նախորդող երեք սեմինարներում  ներգրավված վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների, խորհրդատվական կազմակերպությունների և գործարար ասոցիացիաների, բանկերի և ոչ բանկային ֆինանսական հաստատությունների, ներդրումային հիմնադրամների ու բիզնես ցանցերի ներկայացուցիչների առաջարկությունները խթան հանդիսացան դոնոր կազմակերպությունների կողմից ծրագրային և կլիմայական ֆինասավորման հնարավորությունների դիտարկման տեսանկյունից։
«Նախորդ երեք միջոցառումների ընթացքում հնչեցված առաջարկությունները հանրային-մասնավոր համագործակցության համար նշանակալի նախադրյալներ ձևավորելուն զուգընթաց վկայում են մասնավոր ընկերությունների կողմից ՀՀ կլիմայական գործընթացներում ներգրավման որակական աճի վերաբերյալ, ինչպես նաև նոր լիցք են հաղորդում հաջորդիվ իրականացվող քննարկումներին, որոնք թիրախավորելու են գյուղատնտեսության և ջրօգտագործման ոլորտները», - ընդգծել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա Խաչատրյանը ներկայացրել է ՎԶԵԲ-ի կանաչ պորտֆելը Հայաստանում և թե ինչպես է այն աջակցում տեղական ՓՄՁ-ների երկարաժամկետ ներդրումներին ուղղված ԵՄ պահանջներին համապատասխան տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացմանը, որն անհրաժեշտություն է էներգաարդյունավետության, արտադրանքի որակի, առողջության, անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ապահովման տեսանկյունից։
ՄԱԿ-ի տեղական գործակալությունների ներկայացուցիչներ Գայանե Նասոյանը (ՊԳԿ երկրի ներկայացուցչի օգնական), Անահիտ Սիմոնյանը (ՄԱԱԶԿ երկրի ներկայացուցիչ) և Նաննա Սկաուն (ՊՀԾ Ներկայացուցչի տեղակալ) ներկայացրել են գործակալությունների կողմից իրականացվող կլիմայական նախաձեռնությունները և հնարավոր ֆինանսավորման ուղղությունները՝ ընդգծելով ներկայիս հաջողված համագործակցությունը մասնավոր հատվածի հետ։
Միջոցառումը արդյունավետ հարթակ էր հանրային, մասնավոր հատվածների և միջազգային դոնոր կազմակերպությունների միջև նոր համագործակցության եզրեր ստեղծելու համար՝ ի նպաստ Հայաստանի կլիմայական նպատակների իրականացմանը։