ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.12.2023
ՇՄՆ գլխավոր քարտուղարն ընդունել է «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ընկերության տնօրենին և Կայուն զարգացման ծրագրերի ավագ խորհրդատուին

Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը ընդունել է  «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ընկերության տնօրեն, Գրանթ Թորնթոն ցանցի Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի և ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Գուրգեն Հակոբյանին և Կայուն զարգացման ծրագրերի ավագ խորհրդատու Մարինա Ջավախյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության և կազմակերպության միջև կնքված հուշագրի շրջանակում համագործակցության հնարավոր տարբերակները։
Կազմակերպության տնօրենի կողմից նախարարության ներկայացուցիչներին է ներկայացվել կայուն զարգացման ոլորտում  մատուցվող ծառայությունների շրջանակը։
Հուշագրի շրջանակում ընկերությունը պատրաստակամ է իրականացնել նախարարության հետ համաձայնեցված համատեղ միջոցառումներ և ծրագրեր, Կայունության ստանդարտների ներդրման միջազգային փորձի վերլուծություն (ԵՄ կայուն ֆինանսների բացահայտման կանոնակարգի և այլ միջազգային նախաձեռնությունների տեղայնացման տեսանկյունից), ինչպես նաև նախարարությանը ցուցաբերել աջակցություն իր գործունեության ոլորտներին առնչվող վերլուծական նյութերի պատրաստման հարցում։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները և քննարկումները՝ ի նպաստ ոլորտում բարեփոխումների կայացման։