ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.06.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ելույթ է ունեցել «Ջուրը հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում մասնակցում է  «Ջուրը հանուն կայուն զարգացման» 2018-2028 թվականների գործողությունների միջազգային տասնամյակի երկրորդ բարձր մակարդակի միջազգային համաժողովին։
 «Ջուրը հանուն կայուն զարգացման»  2018-2028թթ. գործողությունների միջազգային տասնամյակի երկրորդ բարձր մակարդակի միջազգային համաժողովի խորագիրն է «Ջրային գործողությունների և գործընկերության խթանում տեղական, ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում»։ 
Ներկա իրողությունները ցույց են տալիս, որ կայուն զարգացման 6-րդ նպատակին (ԿԶՆ) հասնելու համար անհրաժեշտ է գեներացնել լրացուցիչ ջանքեր։ Այդ առումով Դուշանբեում կայանալիք ջրային տասնամյակի երկրորդ համաժողովը կսևեռվի այն խնդիրների վրա, թե ինչպես կառավարությունները և այլ շահագրգիռ կողմերը կարող են արագացնել իրենց գործողությունները և ամրապնդել գործընկերային հարաբերությունները՝ նպաստելու համար ջրային գործողությունների հետ կապված միջազգայնորեն համաձայնեցված նպատակների իրականացմանը, ներառյալ 2030 թվականի Կայուն զարգացման օրակարգում ընդգրկվածները։ 
Համաժողովին ելույթով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպման և խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև տվյալների ստեղծման և մշակման Հայաստանի փորձով կիսվելու հնարավորության համար։
Իր ելույթում Գայանե Գաբրիելյանն անդրադարձել է «‎Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գորունեությանը, որին վստահված է մեր երկրում խմելու ջրի արտադրության և բաշխման, կեղտաջրերի մաքրման օբյեկտների կառավարման, ինչպես նաև Հայաստանի խմելու ջրի ցանցի մշակման ու բարելավման գործառույթը։
«Այս գործընթացում կառավարությունն իր դերակատարումն ունի երկու առանցքային մեխանիզմների միջոցով՝ կարգավորում և թույլտվությունների տրամադրում։ Յուրաքանչյուր տարի «Վեոլիան» պարտավոր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով բազային սակագնի ճշգրտման համար, և կառավարությունը հնարավորություն ունի անհրաժեշտ միջամտություններ կատարել։ Ինչ վերաբերում է թույլտվության մեխանիզմներին, ապա Շրջակա միջավայրի նախարարությունն է պատասխանատու ջրօգտագործման և ջրահեռացման թույլտվությունների տրամադրման համար, որոնք հանդիսանում են ջրային ռեսուրսների կառավարման և բաշխման, երկրում ջրի աղտոտվածությունը վերահսկելու առանցքային գործիքներից մեկը: 
Թեև Հայաստանում ջրօգտագործման թույլտվությունների համակարգի բարելավված ներդրումը դեռևս սահմանափակված է որոշակի թերություններով, մենք ներկայումս ակտիվորեն աշխատում ենք թույլտվության ընթացակարգերի կատարելագործման ուղղությամբ, այդ թվում՝ խոշոր ջրօգտագործողների և ջրահեռացման համար, որպեսզի միաժամանակ ուժեղացնենք թույլտվության գործընթացը»,- նշել է նախարարի տեղակալը։
Գայանե Գաբրիելյանը անդրադարձել է նաև տվյալների ստեղծման և մշակման գործընթացին․
«Շատ կարևոր է տվյալների ստեղծումը և մշակումը, ինչպես նաև համոզված լինելը, որ ջրի հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս շահառուների կողմից օգտագործվում է տվյալների նույն փաթեթը:
Հայաստանում, վերջին 2 տասնամյակների ընթացքում ջրային ոլորտում իրականացված իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին զուգահեռ, մշակվել է Հայաստանի պետական ջրային կադաստրը (ՋԿԿ), որը Հայաստանում Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման գործընթացի ներդրման կարևորագույն օժանդակ գործիքներից է»։
Նախարարի տեղակալը  անդրադարձել է տվյալների հիմնական արտադրող կառույցներից ևս մեկին՝ Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱկ-ին, որն ի թիվս այլ տեղեկատվության, տրամադրում է նաև մակերևութային և ստորերկրյա ջրերի քանակի և որակի մոնիթորինգի տվյալներ, և վերջին տարիներին աշխատում է կարողությունների հզորացման ուղղությամբ։