ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.06.2022
Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներին երկարամյա բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի համար պատվոգրեր հանձնվեցին

Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներին երկարամյա բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի համար պատվոգրեր հանձնվեցին
Շրջակա միջավայարի համաշխարհային օրվա առթիվ նախարար Հակոբ Սիմիդյանը պատվոգրեր է հանձնել նախարարության աշխատակիցներին՝ իր  երախտագիտությունն հայտնելով գործընկերներին երկար տարիների բարեխիղճ աշխատանքի, նվիրումի և շրջակա միջավայրի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար։
«Հարգելի գործընկերներ, նախ թույլ տվեք բոլորիս ևս մեկ անգամ շնորհավորել Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ։ Սա մի փոքր առիթ է մեր երախտագիտությունն հայտնելու Շրջակա միջավայրի նախարարության կազմավորման և ձևավորման երկար ժամանակագրության մեջ իրենց ավանդն ունեցած մեր ավագ գործընկերներին։
Շնորհակալ ենք Ձեզ Հայաստանի Հանրապետությանը, մեր երկրի բնությանը և դրա պահպանությանն ու զարգացմանը մատուցած Ձեր ծառայության համար։ Իմ խորին համոզմամբ, ամենապատվաբեր կարգավիճակն է լինել պետությանն ու հայրենիքին երկար տարիներ ծառայած աշխատակից։ 
Ես իմ խոսքում մեկ անգամ չէ, որ նշել եմ՝ ինձ համար մեծ պատիվ է միանալ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին, մարդկանց, ովքեր 25 և ավել տարիներ իրենց ամենօրյա ջանքով զարգացնում են շրջակա միջավայրի ոլորտը մեր երկրում։
Ինձ և իմ  գործընկերներին միայն կարելի է մաղթել հայրենիքին երկար տարիներ ծառայելու Ձեր բախտն ունենալ։
Մենք մեծագույն հարգանքով ենք վերաբերվում Ձեր փորձին ու գիտելիքին, կատարած աշխատանքին և անելու ենք հնարավորը, որ Ձեր ստեղծած արդյունքները միայն կրկնապատկենք ու զարգացնենք և Դուք հասկանաք, որ այն ամենն ինչ արել եք, ապարդյուն չի եղել, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Ձեր և մեր ապագա սերունդների բարեկեցության»,-նշել է նախարարը։
Նախարարն իր խոսքում անդրադարձել է տարիների ընթացքում կուտակված տեղեկատվության և ինստիտուցիոնալ հիշողության սահուն փոխանցման հարցի  կարևորությանը։
«Մեր միակ նպատակն է շիտակ աշխատանքով մեր ծառայությունը մատուցել հայրենիքին, և եթե այս ցանկությանը գումարվի սերունդների միջև փոխվստահությունը,  ինստիտուցիոնալ հիշողության արդյունավետ իրացումն ու հարուստ փորձը, մենք կկարողանանք բարեփոխում ասվածը իրականություն դարձնել շրջակա միջավայրի ոլորտում։
Շրջակա միջավայրի նախարարությունը կարգավորում է այն ոլորտը, որտեղ ամեն բան պետք է առողջ լինի։ Միայն առողջ միջավայրում մենք կարող ենք զարգանալ, ստեղծագործել և արարել։
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Ձեզ, սիրելի գործընկերներ»,-իր ելույթն ամփոփել է նախարարը։