ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.03.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը

Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը։
Ողջունելով գործընկերներին, նախարար Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և բարձր գնահատել հայ-շվեդական համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթությունները, հնարավոր համագործակցության ձևաչափերը, ինչպես նաև՝ երկկողմ ֆինանսավորման նոր հնարավորության շրջանակներում գործակցությունը՝ նկատի առնելով Շվեդիայի հետաքրքրվածությունը շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտներով։
Նախարարը գործընկերներին է ներկայացրել շրջակա միջավայրի կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման ընթացքը և կարևորել համագործակցության ընդլայնման ու փորձի փոխանակման հնարավորությունն այն ուղղություններով, որտեղ Շվեդիան ունի հաջողված փորձ։
Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հակիրճ խոսել է շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող ծրագրերից՝ առանձնահատուկ անդրադարձ կատարելով անտառպահպանության և անտառվերականգնման ոլորտում արդեն իսկ մեկնարկած ծրագրերին և պարոն Սվենսոնին խնդրել  այս ոլորտում փորձի փոխանակում կազմակերպել։
Նախարարի տեղակալը խոսել է նաև հանքարդյունաբերության, կոշտ թափոնների և ջրային ռեսուրսների կառավարման խնդիրներից։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են  շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտում Շվեդական միջազգային զարգացման գործակալության (SIDA) գործունեությունը Հայաստանում։
Շվեդիան առանձնակի ուշադրություն է դարձնում Հայաստանում թափոնների կառավարման ոլորտի կատարելագործմանը՝ արձանագրելով վերամշակման համընդհանուր համակարգի բացակայությունը։ 
Երկրում էներգետիկ կախվածությունը ատոմային էներգիայից նվազեցնելու նպատակով SIDA-ն օժանդակություն է ցուցաբերում մի շարք էներգախնայող ծրագրերի միջոցով, որոնք իրականացվում է E5P (Էներգախնայողության և շրջակա միջավայրի պահպանության արևելաեվրոպական գործընկերություն) հիմնադրամի միջոցով։ 
Ծրագրեր են իրականացվում նաև թափոնների կառավարման բարելավման և քաղաքային էներգաարդյունավետ լուսավորման ուղղությամբ։ Երևան քաղաքում մեկնարկել է նաև էկոլոգիապես անվտանգ ավտոբուսների ներդրման ծրագիրը։   
Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը Շվեդիայի վարչապետի և Քենիայի Հանրապետության նախագահի անունից նախարար Հակոբ Սիմիդյանին է փոխանցել Ստոկհոլմում կայանալիք ՄԱԿ-ի՝ Շրջակա միջավայրին նվիրված առաջին համաժողովի 50-ամյակի առթիվ «Ստոկհոլմ+50» մեծամասշտաբ միջոցառմանը մասնակցության հրավերը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխհամաձայնեցված ուղղություններով համագործակցության խորացման պատրաստակամությունն ու հանձնառությունը: