ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.02.2022
Շաղափ վարչական շրջանին հանձնվեցին երկու ֆոտովոլտային արևային կայաններ

«Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կառուցված երկու ֆոտովոլտային արևային կայաններ հանձնվեցին Շաղափ վարչական շրջանին:
«Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի (Adaptation Fund) ֆինանսավորմամբ։ 
2019 թվականին մեկնարկած քառամյա Ծրագրի նպատակն է նվազեցնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և «Դիլիջան» ազգային պարկին հարակից տեղական համայնքների կլիմայի ռիսկի խոցելիությունը, ամրապնդել գյուղատնտեսական և ինստիտուցիոնալ պլանավորման կարողությունները կլիմայի փոփոխության պայմաններում՝ բարձրացնելով հարմարվողականության մակարդակը: Ծրագրի շահառու համայնքներն են Տավուշի մարզի Դիլիջան (Դիլիջան, Աղավնավանք, Գոշ, Խաչարձան, Հաղարծին և Թեղուտ), Արարատի մարզի Վեդի (Ուրցաձոր, Շաղափ և Լանջանիստ) խոշորացված և Լոռու մարզի Մարգահովիտ և Ֆիոլետովո համայնքները:
Երկու պոմպերի աշխատեցման համար նախատեսված 14կվտ և 24կվտ հզորությամբ արևային կայանների կառուցումն իրականացվել է Ծրագրի առաջին բաղադրիչի (Համայնքահեն խելացի գյուղատնտեսական գործելակերպի ներդրում դեգրադացված տարածքներում և բուֆերային գոտիներում) շրջանակներում։ Կայանների շահագործումը հնարավորություն է տալիս բնակիչներին էլեկտրականության դիմաց գանձվող գումարի տնտեսման հաշվին կրճատել ոռոգման ծախսը։
Արևային կայանների հանձնման արարողությանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ի ղեկավար կազմը, շինարարական, վերահսկողական ու հեղինակային հսկողություն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ, Վեդի խոշորացված համայքնի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը և Շաղափ վարչական շրջանի ղեկավարը։