ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.02.2022
Կայացել է «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել նախարարության համակարգմամբ  ու Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը։ 
Նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահ) Ա. Մազմանյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Իսպիրյանը, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գ. Մաչանյանը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Ա. Եսոյանը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հ. Ղահրամանյանը և այլ պաշտոնատար անձինք։ 
Ողջույնի խոսքով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը։
Կարևորելով պետական և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցությունը՝ կողմերը քննարկել են առկա ներուժն ամբողջությամբ և արդյունավետ իրացնելու հնարավորությունները և երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները՝ հանուն Հայաստանի «կանաչ» ապագայի։
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Վարկավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ, նախագծերի ֆինանսավորման բաժնի պետ Ա. Մակարյանը հանդես է եկել «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» ծրագրի 2021 թվականին իրականացված գործողությունների և արդյունքների վերաբերյալ զեկույցով:
Ներկայացվել են ծրագրի աշխատանքների կատարման տարեկան ժամանակացույցում և գնումների պլանում առաջարկվող փոփոխությունները։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և գործնական քայլերի անցնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել: