ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.04.2022
Շարունակվում է լրագրության ոլորտում ուսանողների, ինչպես նաև ԲՈՒՀ-երի դասախոսների համար նախատեսված դասընթացները

«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի շրջանակում շարունակվում է լրագրության ոլորտում ուսանողների, ինչպես նաև ԲՈՒՀ-երի դասախոսների համար նախատեսված դասընթացների շարքը:
Այս անգամ «Կլիմայի փոփոխության և հարմարվողականության թեմաների լուսաբանման առանձնահատկությունները» խորագրով եռօրյա դասընթացը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների և դասախոսների համար:
Դասընթացի նպատակն էր բարձրացնել կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ լրագրության ոլորտում ուսանողների և դասախոսների իրազեկության մակարդակը, տրամադրել տարբեր ոլորտների լուսաբանման համատեքստում թեման գտնելու, ուսումնասիրելու և բարձրաձայնելու համար անհրաժեշտ գիտելիք և հմտություններ՝ այդպիսով նպաստելով Հայաստանում կլիմայի փոփոխության և կլիմայի փոփոխությանը հարմարվողականության հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանն ու ակտիվ լուսաբանմանը։