ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.11.2021
Շրջակա միջավայրի նախարարության պատվիրակությունը մասնակցել է Ուզբեկստանում կայացած «Գլոբալ Գեոպարկեր. պոտենցիալը և հնարավորությունները» թեմայով միջազգային համաժողովին

Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը և Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Հակոբյանը Ուզբեկստանում մասնակցել են «Գլոբալ Գեոպարկեր. պոտենցիալը և հնարավորությունները» թեմայով  միջազգային համաժողովին։
Համաժողովի ընթացքում քննարկվել է գեոպարկերի կարևորությունը, ստեղծման հնարավորությունները, կառավարման մարմնի կառուցվածքը և UNESCO-ի Գլոբալ Գեոպարկերին միանալու պայմանները։
Հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի շրջակա միջավայրի նախարարության, երկրաբանական գործակալության ներկայացուցիչների և #UNESCO-ի միջազգային փորձագետների հետ։ Հայաստան հնարավոր այցելության, ինչպես նաև հեռավար խորհրդատվության անցկացնելու նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել։ 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ձևավորել Հայաստանում ստեղծվելիք գեոպարկի կառավարման մարմին, մշակել առաջիկա  երեք, հինգ և տասը տարիների գործողությունների ծրագիր, ակտիվացնել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ՊՈԱԿ-ի հետ համագործակցությունը։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում նախատեսվում է գեոպարկ ստեղծել։ 
ՀՀ առաջին գեոպարկը ընդգրկելու է մոտ 4400 կմ2 տարածք, որը համապատասխանում է ՀՀ տարածքի 14,7%-ին։ Այն ընդգրկում է 102 համայնքային տարածքներ։ Ռելիեֆը լեռնային է և ներառում է 1019-3595 մ միջակայքի բացարձակ բարձրությունները։ Առկա են կլիմայական 6 ենթագոտիներ՝ սկսած չոր ցամաքայինից (տաք ամառ և ցուրտ ձմեռ) մինչև լեռնային տունդրա։
Գեոպարկերի հիմնումը կնպաստի Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի ճանաչելիության բարձրացմանը, կխթանի մարզերում էկոկրթության ու էկոլոգիական մշակույթի ձևավորումը ու արմատավորումը, շրջակա միջավայրի պահպանության, բնօգտագործման և էկոլոգիական անվտանգության բնագավառում անձի ճիշտ և խելամիտ կողմնորոշմանը և վարքագծի ձևավորման համար: