ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.05.2022
ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել քննարկում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների ղեկավարների ու ՇՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ

Մայիսի 12-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների ղեկավարները, շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները։
Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որտեղ նախատեսվում  է տրանսպորտային միջոցների տեխնիկական  զննության ժամանակ տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների մեջ ներառել նաև արտանետված գազերում ազոտի օքսիդների (Nox) պարունակության ստուգումը, տեխնիկական  զննության կայաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ դրանց վիճակի ստուգման համար օգտագործվող տեխնիկական միջոցների ցանկը համալրել արտանետվող գազերի ստուգման համար առավել ճշգրիտ պարամետրեր ապահովող սարքավորումներով։
Հանդիպման ընթացքում գույքագրվել են վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների հետ կապված խնդիրները, քննարկվել են նախատեսվող փոփոխությունների պրակտիկ  կիրառելիության հետ կապված մտահոգությունները, իսկ առաջարկությունները և դիտողությունները ներկայացվելու են  շրջակա միջավայրի նախարարությանը՝ օրենսդրական փոփոխությունների նախագիծ վերջնական տարբերակում ներառելու նպատակով։