ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.05.2022
Նախարար Հակոբ Սիմիդյանն հանդիպել է Շրջակա միջավայրի հետազոտությունների Հեմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի ղեկավար, դոկտոր Կառստեն Ռինկեին

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կոնտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։
Պարոն Ռինկեն նախարարին է ներկայացրել SEVAMOD2 «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Կրթության և գիտության դաշնային նախարարության կողմից։
Նախարար Հակոբ Սիմիդյանը ողջունել է գործընկերներին Շրջակա մջավայրի նախարարությունում և կարևորել իրականացվող ծրագիրը։
«Քննարկվող ծրագիրը շատ կարևոր է Շրջակա միջավայրի նախարարության համար։ Համոզված եմ՝ այն նպաստելու է Սևանա լճի ջրային պաշարների կառավարման արդյունավետության բարձրացմանը։ 
Ինչպես գիտեք, Սևանա լճի խնդիրների լուծումը մեր առաջնահերթություններից է, և այս ծրագիրն իր առջև մեր առաջնահերթություննեը լուծելու խնդիր ունի։
Ցավոք որոշակի օբյեկտիվ պատճառներով մենք ֆինանսական և մարդկային ռեսուրսների սղության խնդիր ունենք, ուրախ եմ, որ կա նման ծրագիր, որն իր արդյունքներով գալիս է լրացնելու այդ բացը` հնարավորություն տալով մեզ գիտականորեն հիմնավորել Սևան լճում ծավալվող պրոցեսները,- նշել է նախարարը և շնորհակալություն հայտնել պարոն Ռինկեին և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը աջակցության համար։
«Գերմանիայի կառավարության աջակցությունը մեր երկրում շրջակա միջավայրի ոլորտին շարունակական է և չի սահմանափակվում միայն այս ծրագրով։ Այդ աջակցությունը ներառում է շրջակա միջավայրի տարբեր ուղղություններ, ինչը մեզ համար չափազանց կարևոր է»,-նշել է նախարարը։
Կողմերը քննարկել են ծրագրի ընթացքը, պարոն Ռինկեն նախարարին է ներկայացրել արդեն իսկ կատարված աշխատանքները։
 Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող SEVAMOD2 «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» հայ-գերմանական ծրագիրը հնարավորություն է տվել իրականացնել Սևանա լճի համապարփակ մոնիթորինգային և գիտահետազոտական աշխատանքներ (որոնք մինչ այժմ իրականացվում էին ոչ ամբողջական պետական ֆինանսավորման բացակայության պատճառով)՝ միավորելով գերմանական, ՀՀ գիտական և պետական կառույցների հնարավորությունները։
Ծրագրի ավարտից հետո Շրջակա միջավայրի նախարարությանը կներկայացվի առաջարկների ամբողջական փաթեթ, որը կօգնի բացահայտել  Սևանա լճի ջրի որակի հիմնական խնդիրները և առավել արդյունավետ իրականացնել ջրային ռեսուրսների կառավարումը։
Հանդիպման ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը խոստացել է հետևել ծրագրի ընթացքին և ապահովել դրա շարունակականությունը։