ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.12.2021
Մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտի համատեքստում քննարկվել են վերջին շրջանում գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցված վնասների վերաբերյալ ահազանգերը

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մարդ-գորշ արջ կոնֆլիկտի շուրջ ընդլայնված խորհրդակցություն է անցկացվել՝  քննարկելու արջերի առանձին առանձնյակերի վարքը և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգը մեղմելու եղանակները։ 
Այս տարի դեռ վաղ գարնանից տարբեր մարզերից ահազանգեր են ստացվում Շրջակա միջավայրի նախարարություն արջերի հարձակումների և  քաղաքացիներին ու նրանց տնտեսություններին պատճառած վնասների վերաբերյալ։
 Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը գործընկերներին տեղեկացրել է, որ հիմնախնդիրը լուրջ է, քանի որ իր մեջ կրում է քաղաքացիների առողջությանն ու կյանքին, սոցիալ-տնտեսական վիճակին սպառնացող, ինչպես նաև բնապահպանական կարևոր բաղադրիչներ։ 
Գորշ արջը գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» և կենդանուն սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։
Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակ և խնդրի շուրջ ցանկացած լուծում պետք է հավասարակշի բնապահպանական և սոցիալ-տնտեսական շահը։
Վերոնշյալ ամբողջ ժամանակահատվածում  հանդիպմանը մասնակից շահագրգիրռ կողմերից յուրաքանչյուրի կողմից տարվել են աշխատանքներ՝ հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ։ 
Ավելի  վաղ Շրջակա միջավայրի նախարարությունը պատվիրակել էր Գիտությունների ազգային ակադեմիային որոշակի լոկալ տարածքում իրականացնել արջերի տարածվածության ու թվաքանակի հաշվառման, արջերի կողմից սպառնացող վտանգի գնահատման ուսումնասիրություններ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են այդ ուսումնասիրությունների արդյունքները, հնչեցվել են հիմնախնդրի լուծման տարբեր առաջարկներ՝ քաղաքացիների նյութատեխնիկական վերազինումից մինչև կրած վնասների ֆինանսական հատուցում։ 
Քննարկվել է նաև ուսումնասիրությունները շարունակելու և ավելի երկարատև ժամանակահատվածում կենդանիների վարքն ուսումնասիրելու առաջարկը։
Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, նախարարի խորհրդական Սահակ Գրիգորյանը, Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության, Վայոց ձորի, Արագածոտնի և Շիրակի մարզպետարանների, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի,  «Որսորդների և ձկնորսների» միավորում ՀԿ-ի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ։