ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.04.2023
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պահելու թույլտվության համար մասնագիտական եզրակացություն տրամադրող հանձնաժողովի հանդիպումը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու թույլտվության համար մասնագիտական եզրակացություն տրամադրող հանձնաժողովի հանդիպումը:
Հանձնաժողովի անդամները քննարկել են Շրջակա միջավայրի նախարարի՝ «Անազատ և կիսազատ պայմաններում պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկը հաստատելու մասին», «Անազատ և կիսազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին», «Անազատ և կիսազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության համար մասնագիտական եզրակացություն տրամադրող հանձնաժողով ստեղծելու, նրա անհատական կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» հրամանները և գործընթացի կազմակերպման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։
Ողջունելով գործընկերներին` նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ով նաև հանձնաժողովի նախագահն է, խնդրել է քննարկման առարկա դարձնել գույքագրված բոլոր խնդիրները և հնչեցնել մտահոգություններ, որոնք կօգնեն գործընթացն առավել արդյունավետ կազմակերպել։
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել կենդանիների պահման գործընթացը լիազորված մարմնի կողմից տրամադրվող թույլտվությունների հիման վրա իրականացնելու, ֆիզիկական և իրավաբանական անձանց մոտ պահվող վայրի կենդանիների հաշվառման, այդ տեղեկատվության ամենամյա թարմացման նպատակով և առհասարակ, այդ գործընթացներն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնելուն ուղղված քայլերին։ Մասնագետները հնչեցրել են իրենց տեսակետները և նկատառումները։
Շրջակա միջավայրի նախարարության Կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանը ներկայացրել է օրենսդրական կարգավորումները, որին հաջորդել է հարցուպատասխան։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները, որպեսզի օրենսդրական կարգավորման արդյունքում խնդիրներ և խոչընդոտներ չառաջանան։