ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.06.2022
«Բնությունը երեխաների աչքերով» բնանկարների ցուցադրություն

Երևանի բուսաբանական այգում կայացավ Շրջակա միջավայրի նախարարության կողմից կազմակերպված «Բնությունը երեխաների աչքերով» խորագրով նկարների ցուցադրությունը՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության օրվան։
Երեխաները նկարել են բնությունն այնպիսին, ինչպիսին կուզենային տեսնել` չաղտոտված, անվտանգ, մարդու գոյության հետ ներդաշնակ:
Նկարների ցուցադրությունն ուղեկցվել է խաղերով և շրջակա միջավայրի ոլորտին վերաբերող հետաքրքիր դասախոսությամբ։ Նախարարության ներկայացուցիչները երեխաներին և նրանց ծնողներին են ներկայացրել բնության հետ ներդաշնակ համակեցության կանոնները։
Այսօր առավել քան երբևէ կարևոր է դաստիարակել շրջակա միջավայրի հանդեպ հոգատար նոր սերունդ։ Այսօր երեխաներին փոխանցած համոզմունքներն ու արժեքները վաղը ձևավորելու են փոփոխության տանող վարքագծային սովորություններ: Անհրաժեշտ է դաստիարակել սերունդ, որը գիտակցում է՝  մարդը բնության մի մասն է, ոչ թե՝ սպառողը։
Ցուցադրության մասնակից փոքրիկներին որպես խրախուսանք տրամադրվել են շնորհակալագրեր և խրախուսական նվերներ։ 
Փոքրիկներին տրամադրվել է Գերմանիայի  միջազգային  համագործակցության ընկերության (GIZ)  կողմից  գործընկեր  նախարարությունների  հետ  համատեղ  իրականցվող  ECOserve   ծրագրի շրջանակում մշակված «Էներգապոլիա» բնապահպանական, կրթական  սեղանի խաղը։
Տեղեկացնենք  նաև, որ շուտով նկարչական ցուցահանդեսին ներկայացված  նկարներով կտպագրվեն էկո-պայուսակներ՝ մեկտեղելով հայ երեխաների բնապահպանական երազանքներն ու բնության հանդեպ ունեցած վերաբերմունքը: