ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.12.2021
Շրջակա միջավայրի նախարարությունը և «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» փակ բաժնետիրական ընկերությունը համագործակցության հուշագիր են կնքել

Նպատակ ունենալով նպաստել շրջակա միջավայրի պահպանության, բարելավման, վերականգնման ու բնական պաշարների ողջամիտ օգտագործման արդյունավետության բարձրացմանը և դրանց ուղղված համապատասխան ծրագրերի և միջոցառումների իրականացմանը, Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի և «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» փակ բաժնետիրական ընկերությունն՝ ի դեմս տնօրեն Գուրգեն Հակոբյանի կնքել են համագործակցության հուշագիր։
Հուշագրի շրջանակում՝ 
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ՀՀ օրենսդրության սահմաններում միավորելու իրենց ջանքերը՝ ներդնելով իրենց մասնագիտական, մարդկային և տեխնիկական ռեսուրսներն ու ներուժը շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանն ու վերականգնմանն ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացման համար։ 
Հուշագրի շրջանակում ընկերությունը պատրաստակամ է իրականացնել Նախարարության հետ համաձայնեցված համատեղ միջոցառումներ և ծրագրեր, Կայունության ստանդարտների ներդրման միջազգային փորձի վերլուծություն (ԵՄ կայուն ֆինանսների բացահայտման կանոնակարգի և այլ միջազգային նախաձեռնությունների տեղայնացման տեսանկյունից), ինչպես նաև Նախարարությանը ցուցաբերել աջակցություն իր գործունեության ոլորտներին առնչվող վերլուծական նյութերի պատրաստման հարցում։
Նախարարության հետ համաձայնեցված կարգով, Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից իրականացվող նախաձեռնությունների շրջանակներում, մասնակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացմանը՝ նպաստելով Հայաստանում շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանն ու վերականգնմանը, ինչպես նաև «Կանաչ ընկերություն» գաղափարի հանրայնացմանը ավելի լայն շրջանակներում։ 
Կազմակերպել համատեղ հանդիպումներ և քննարկումներ Հուշագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումների և ծրագրերի համաձայնեցման և իրականացման նպատակով, ինչպես նաև վարպետության դասեր և վերապատրաստումներ իրականացնել Նախարարության աշխատակիցների համար արդի մասնագիտական թեմաների վերաբերյալ, որոնք համապատասխանում են «Գրանթ Թորնթոնի» մասնագիտական ուղղվածությանը և ռեսուրսներին։