ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.02.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղկալ Աննա Մազմանյանն ընդունել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներին

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղկալ Աննա Մազմանյանը «Գեոպարկը որպես տնտեսության կայուն զարգացման և բնապահպանության խթան Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում» ծրագրի շրջանակում ընդունել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներին։
Նախարարի տեղակալը գործընկերներին շնորհակալագրեր է հանձնել ՀՀ երկրաբանական վտանգների գեոպարկի ստեղծման նախադրյալների մշակման գործում նշանակալի ներդրում ունենալու համար։
Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը նախարարությանն է հանձնել «Հայաստանի Հանրապետության երկրաբանական վտանգների գեոպարկի ստեղծման նախադրյալները» գիրք-ատլասի օրինակներ։
Գործընկերները քննարկել են ծրագրի վերաբերյալ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ կշարունակվեն աշխատանքները Շրջակա միջավայրի նախարարության և Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետների ներուժը և մասնագիտական փորձը համատեղելու և փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։
Իր հերթին խաչատուր Մելիքսեթյանը շնորհակալություն է հայտնել Շրջակա միջավայրի նախարարությանը՝գեոպարկի ստեղծման ծրագիրը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։
Հանդիպման ընթացքում հստակեցվել է առաջիկա աշխատանքային օրակարգը և ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
Գեոպարկը հատուկ պահպանվող կարգավիճակ ունեցող տարածաշրջան է, որի տարածքում հստակ բացահայտված է Երկիր մոլորակի երկրաբանական պատմությունը, տեղական լանդշաֆտի ձևավորումը, օգտակար հանածոների հանքավայրերի և ապարների ձևավորումը, նախապատմական կենդանիների բրածո մնացորդների մասսայաբար պահպանումը:
Հայաստանի Հանրապետությունում գեոպարկի տարածքի ընտրությունը հիմնված է եղել երկրաբանության ոլորտում կուտակված գիտելիքների, ինչպես նաև ծրագրի մասնակիցների երկարամյա փորձի վրա։ Հաշվի է առնվել նաև մարզերի զարգացվածության մակարդակը և տնտեսական լրացուցիչ խթանման անհրաժեշտությունը։
Գեոպարկերի հիմնումը կնպաստի Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի ճանաչելիության բարձրացմանը, կխթանի մարզերում էկոկրթության ու էկոլոգիական մշակույթի ձևավորումը ու արմատավորումը, շրջակա միջավայրի պահպանության, բնօգտագործման և էկոլոգիական անվտանգության բնագավառում անձի ճիշտ և խելամիտ կողմնորոշմանը և վարքագծի ձևավորման համար: