ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.11.2021
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահ, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանի և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարկավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ, Նախագծերի ֆինանսավորման բաժնի պետ Արա Մակարյանի հետ:
Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը կրկին կարևորել է պետական և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը, շրջանառու տնտեսության սկզբունքների ներդրմանը և կանաչ աշխատատեղերի ստեղծմանը:
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ը, կարևորելով սոցիալական պատասխանատվությունը և լինելով առավել հոգատար ու սրտացավ հայրենի բնության նկատմամբ, իր լավ օրինակով բազմաթիվ անգամներ ցույց է տվել, որ ավելի պատասխանատու կառավարման ներքո շրջակա միջավայրի կայուն զարգացման ապահովմանը հասնելու համար պետք է համատեղել ջանքերը։
Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել «10 մլն ծառ» համահայկական նախաձեռնության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության և ակտիվ մասնակցության համար։ «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում ներկայացված համագործակցության առաջարկին՝ առաջինն արձագանքողներից էր «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, որը նոյեմբերի 14-ի համապետական ծառատունկին 3000 տնկի է տնկել «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում՝ հիմնելով 1 հա մակերեսով անտառ: 
Հանդիպմանը քննարկվել է «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» (GCF) կողմից ֆինանսավորվող և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագիրը։
Ծրագրի նպատակն է մշակել կանաչ ֆինանսավորման ճանապարհային քարտեզը, որը կհանդիսանա այն հիմնական փաստաթուղթը, որտեղ նկարագրված կլինեն առկա վիճակը, կանաչ ֆինանսավորման զարգացմանն համար գոյություն ունեցող հիմնական բացերը և կներկայացվի զարգացման ռազմավարության համար անհրաժեշտ համապարփակ տեսլական, ի աջակցություն ազգային լիազոր մարմնին՝ Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրականացման համար։ Հստակ առաջարկություններ ներառող ճանապարհային քարտեզի մշակումն ուղղված կլինի անցմանը ավանդական ֆինանսական համակարգից դեպի «կանաչ»։ Ազգային լիազոր մարմնի և Կենտրոնական բանկի համագործակցությունը կհզորացնի ներուժը և հնարավորություն կտա գիտելիքի փոխանակման համար, ինչը կնպաստի երկրի կարողության մեծացմանը՝ օգտագործել կլիմայական ֆինանսավորման հնարավորությունները։  
Քննարկվել են շրջակա միջավայրի ոլորտի ամենատարբեր հիմնախնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված հնարավոր համագործակցության եղանակները։
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանն առաջարկել է խորացնել պետություն-բանկային համակարգ համագործակցությունը և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կունենան բնապահպանական ուղղվածություն, բայց և թույլ կտան առավել արդյունավետորեն օգտագործել բնական ռեսուրսները։
Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը անտառամերձ համայքներում էկոկրթական ծրագրերի իրականացման հարցում։
«Մեր երկրում բանկային համակարգը ամենակայացած ինստիտուցիոնալ կառույցն ու համակարգն է, որը նաև հետպատերազմական վերականգնման շրջանում լավագույնս իրեն դրսևորեց։ Բանկային համակարգը պետական կառավարման առումով որպես հուսալի առանցք այլևս կայացած է մեր երկրում»,-հանդիպման ավարտին նշել է նախարարը։