ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.06.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը մասնակցում է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի արտահերթ նստաշրջանին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Շվեյցարիայի Համադաշնությունում (Ժնև) մասնակցում է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի՝ «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի կողմերի երրորդ արտահերթ նստաշրջանին։
Նախարարի տեղակալը հանդես է եկել բացման խոսքով, որի մեկնարկին նախ շնորհավորել է Միշել ֆորսթին՝ միջազգային մակարդակով շրջակա միջավայրի պաշտպանների գծով հատուկ զեկուցող նշանակվելու կապապկցությամբ։
Իր ելույթում նախարարի տեղակալը ընդգծել է բնապահպանների դերի կարևորությունը՝ հիմնվելով Հայաստանի փորձի վրա և մասնավորապես նշել.
«Ինչպես հայտնի է, Հայաստանը միացել է Օրհուսի կոնվենցիային դեռ 1998 թվականին և պատասխանատու կերպով իրագործում է իր ստանձնած հանձնառությունը։ Առաջին Օրհուս կենտրոնը բացվել է Երևանում և ստեղծման առաջին իսկ օրվանից գործում է նախարարության ենթակայությամբ՝ հանդիսանալով հասարակություն-կառավարություն համագործակցության լավ հարթակ։
2020 թվականին Արցախում սանձազերծված պատերազմի հետևանքով գործընթացները դանդաղել են, բայց մենք ջանք չենք խնայում մեր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու ուղղությամբ»։
Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ այժմ Հայաստանը համագործակցում է ԵԱՀԿ-ի հետ՝ տեղական Օրհուս կենտրոնների աշխատանքը վերագործարկելու նպատակով։ 
«Բնապահպան ակտիվիստների ծավալած գործունեությունը վճռորոշ է թե՛ շրջակա միջավայրի, և թե՛  վայրի բնության պահպանության համար: Բայց պետք է արձանագրել, որ դա հնարավոր է միայն Կառավարության համարժեք և պատշաճ  մոտեցման արդյունքում։ Դրա վառ օրինակներից մեկն է, երբ տարիներ առաջ Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցի տարածքով նախատեսված ավտոմայրուղու կառուցման կառավարության նախագիծը վերանայվեց  բնապահպան ակտիվիստների համառության և դիմադրության շնորհիվ և մայրուղին կառուցվեց այլընտրանքային ճանապարհով։
Մյուս վառ օրինակը Թռչկանի ջրվեժ բնության հուշարձանի տարածքում փՀԷԿ-ի կառուցման նախագիծն էր, որը ևս չեղարկվեց բնապահպանների ջանքերի արդյունքում։
Այս իրադարձությունները վառ օրինակ են Կառավարության համագործակցության պատրաստակամության։ 
Մենք մշտապես բարձր ենք գնահատում բնապահպան  ակտիվիստների աշխատանքը՝ սերտորեն համագործակցելով  նրանց հետ։ Հաճախ ենք  կազմակերպում  կլոր սեղան-քննարկումներ՝ փորձելով հասնել փոխմաձայնության»։
Գայանե Գաբրիելյանը  օրինակ է բերել վերջին շրջանում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը քննարկելու նպատակով հասարակական կազմակերպությունների և բնապահպանների հետ  կազմակերպված հանրային լսումները, որոնք վարել է անձամբ նախարարի տեղակալը։
Իր ելույթում նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Շրջակա միջավայրի նախարարության կողմից հասարակայնության հետ տարվող աշխատանքներին՝ ներկայացնելով տեղեկատվության տարածման եղանակները և թվային տվյալներ։
Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է տեղեկատվության արագ և հանրությանը  հասանելի ճանապարհներով տարածումը, ինչը հնարավորություն է տալիս բնապահպաններին անմիջապես հայտնել իրենց տեսակետը խնդիրների վերաբերյալ։
Ելույթի ավարտին նախարարի տեղակալը ևս մեկ անգամ ողջունել է քարտուղարության և գործընկերների ջանքերը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելու բնապահպանների շահերի պաշտպանությանը, ինչը բնականաբար կծառայի մեր ընդհանուր նպատակին՝ բնության և մարդու առողջության պաշտպանությանը։