ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.12.2021
Ամփոփվել է Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվող հսկողության ուժեղացված միջոցառումների առաջին տասնօրյակը

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ,  «Սևան» ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ ամփոփելու  Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի առաջին տասնօրյակը։

Ներկայացվել են իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, վերլուծել ենք թվային պատկերը։

Ամբողջ ընթացքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի և արագ արձագանքման բաժնի աշխատակիցների ու ծրագրի կողմ գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից ձկնորսների հետ տարվել են բացատրական աշխատանքներ ապօրինի ձկնորսության  դեպքերը կանխելու, լողամիջոցները ափամերձ հատվածներից դուրս բերելու ուղղությամբ: 

Իրականացվող միջոցառումների ընթացքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Ոստիկանության և ԲԸՏՄ-ի աշխատակիցների հետ համատեղ տեղադրվել են 3 անշարժ հսկիչ կետեր՝ Կարճաղբյուրի, Ճամբարակի, Սևանի ՊԱՏ անշարժ պահակետերում: 

Դեկտեմբերի 20-28-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սիգի վաճառքի և տեղափոխման 11 դեպք, որի արդյունքում առգրավվել է թվով 895 սիգ տեսակի ձուկ:

Դեկտեմբերի 25-ին և 28-ին նավով շրջայց է կատարվել Սևանա լճի վրա, ինչի արդյունքում դեկտեմբերի 25-ին լճից դուրս է բերվել 1, իսկ դեկտեմբերի 28-ին 54 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց։

Սևանա լճի ափամերձ հատվածներից դուրս է բերվել շուրջ 220 լողամիջոց: