ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.03.2023
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի «Ջրի համաժողով 2023»-ին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Նյու Յորքում մասնակցել է  ՄԱԿ-ի «Ջրի համաժողով 2023»-ին:
Իր ելույթում Գայանե Գաբրիելյանն անդրադարձել է ջրի և ջրահեռացման կայուն կառավարմանն առնչվող Հայաստանի առաջնահերթություններին և ընդգծել միջազգային համագործակցության կարևորությունը ՄԱԿ-ի Կայուն զարգացման 6-րդ նպատակի իրականացման գործում։
Նախարարի տեղակալը մասնավորապես անդրադարձել է ջրային ոլորտում արդյունավետ կառավարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության քայլերին։
«Հայաստանը դիտարկում է ջրային ազգային քաղաքականության մոտարկումը ՄԱԿ-ի Բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի հետ, ինչպիսին է Ջրի և Առողջության մասին ՄԱԿ-ի ԵՏՀ Արձանագրությունը՝ համաձայն Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման կոնվենցիայի, կամ այլ գլոբալ պարտավորությունների, ինչպիսիք են ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակները՝ որպես ջրային ռեսուրսների համալիր կառավարման սկզբունքներին համահունչ լրացուցիչ լծակ:
Թեև Հայաստանը դեռևս չի վավերացրել այս կոնվենցիան և արձանագրությունները, դրանք ծառայում են որպես ուղեցույց մեր ազգային քաղաքականության մշակման ժամանակ: Հայաստանը պարբերաբար կամավոր զեկույցներ է ներկայացնում Միավորված ազգերի կազմակերպությանը, մասնավորապես Ջրի և Առողջության մասին Արձանագրության վերաբերյալ, և այս առումով զգալի առաջընթաց է ձեռք բերվել մեր ազգային ոլորտային թիրախները և Գործողությունների ծրագրերը Արձանագրությանը համապատասխանեցնելու հարցում:
2020 թվականին Հայաստանը մշակել է Կայուն զարգացման 6-րդ նպատակին հասնելու ռազմավարությունը, որը ներառում է մանրամասն ելակետային վերլուծություն և Կայուն զարգացման նպատակների թիրախներին հասնելու սպառնալիքների բացահայտում:
Ջրային քաղաքականության հիմնական բարեփոխումները Հայաստանի և Եվրամիության միջև 2017 թվականին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս են կազմում: Համաձայնագիրը նախատեսում է ժամանակին համահունչ և հավակնոտ պարտավորություններ ջրային ռեսուրսների և որակի ոլորտում՝ կապված քաղաքային կեղտաջրերի մաքրման, խմելու ջրի, նիտրատների և ջրհեղեղների հարցերի հետ:
Ջրային օրենսգրքի 2022 թվականի փոփոխությունները Հայաստանի օրենսդրությունը մեկ քայլով մոտեցրին միջազգային լավագույն փորձին՝ ներառելով ջրի և սանիտարական հավասար հասանելիության, ինչպես նաև կլիմայի փոփոխության խնդիրները: Նույն թվականին Հայաստանի կառավարությունն ընդունեց Ջրային ոլորտի հարմարվողականության ծրագիրը և իր 5-ամյա Գործողությունների Ծրագիրը՝ կլիմայի փոփոխության նկատմամբ երկրի ջրային ռեսուրսների աճող խոցելիության դեմ պայքարելու նպատակով»,-նշել է նախարարի տեղակալը: