ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.03.2023
Ամփոփվել է«Խոսե՜նք բնությունից» բնապահպանական հանդիպումների շարքի երկրորդ փուլը

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչները «Վարդանանք» կրթահամալիրում մասնակցել են «Խոսե՜նք բնությունից» բնապահպանական հանդիպումների շարքի ամփոփիչ հանդիպմանը: 
թվականի մարտի 2-ին շրջակա միջավայրի նախարարությունը ՄԱԱԶԿ-ի հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում մեկնարկեց «Խոսե՜նք բնությունից» բնապահպանական հանդիպումների շարքի երկրորդ փուլը, որին մասնակցում էին շուրջ 100 աշակերտ Երևանի Ա․Երզնկյանի անվան N118 ավագ, Ա.Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական, Ա.Պուշկինի անվան թիվ 8 հիմնական, Ն.Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցներից և «Վարդանանք» կրթահամալիրից: 
Նախաձեռնության նպատակն է երիտասարդ սերնդին ծանոթացնել բնապահպանական տարբեր ուղղություններին՝ հնարավորություն ընձեռելով իրազեկվելու արդի խնդիրների մասին և ինչու ոչ՝ մասնակիցը դառնալու դրանց հնարավոր լուծումներին: 
Ողջունելով աշակերտներին և հանդիպման մասնակիցներին, նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կարևորել է նման նախաձեռնությունների իրականացումը` դրանք անկյունաքարային որակելով էկոլոգիական կրթության և դաստիարակության հարցում․
«Շրջակա միջավայրի կառավարման, պահպանության և պաշտպանության ոլորտներում նշանակալի առաջընթաց գրանցելու և առկա բազմաշերտ խնդիրների լուծման գործընթացում բարձրակարգ մասնագետներ ներգրավելու նպատակով շատ կարևոր է մեր հանրապետության էկոլոգիական կրթության միջավայրի բարելավումն ու հասարակության էկոդաստիարակության մակարդակի բարձրացումը»,-նշել է Տիգրան Գաբրիելյանը՝ անդրադառնալով մասնագիտական կողմնորոշման խնդրին։
Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նման հանդիպումները կտան ցանկալի արդյունք, և մենք կունենանք իրավագիտակից և շրջակա միջավայրի հանդեպ սրտացավ քաղաքացիներ։
Հանդիպման ընթացքում դպրոցների ներկայացուցիչները զեկույցների և սահիկաշարերի միջոցով ոլորտի խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ ներկայացրել են  իրենց տեսակետներն ու մոտեցումները:
Հարցուպատասխանի միջոցով նախարարի տեղակալը, նախարարության ներկայացուցիչները և Օզոնային շերտի պահպանության հարցերի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը պատասխանել են աշակերտներին հուզող հարցերին։