ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.06.2024
Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հյուրընկալել է NEA պատվիրակությանը՝ վերջինիս ղեկավար Վասիլ Գեդևանիշվիլիի գլխավորությամբ

Հարավային Կովկասում ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման (ՀԿՋՌԿ) ծրագրի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հյուրընկալել է Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Բնապահպանական ազգային գործակալության (NEA) պատվիրակությանը՝ գործակալության ղեկավար Վասիլ Գեդևանիշվիլիի գլխավորությամբ:
Այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում վրացի գործընկերները ծանոթացել են «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գործունեության՝ մասնավորապես հետևյալ ստորաբաժանումների աշխատանքների հետ`
- օդերևութաբանության ծառայություն,
- կլիմայի ծառայություն,
- հիդրոլոգիայի ծառայություն,
- կենտրոնական լաբորատորիա,
- աշխարհատեղեկատվական համակարգերի և հեռազննման ծառայություն:
Վրացի գործընկերները այցելել են նաև Սևան-Հրազդան գետավազանի հիդրոլոգիական և Արենի օդերևութաբանական կայաններ, տեղում ծանոթանացել են կայանների աշխատանքներին։
Մայիսի 30-ին տեղի ունեցավ ամփոփիչ քննարկում, որի ընթացքում քննարկվեցին երկու կառույցների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
-«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը շնորհակալություն է հայտնել վրաց գործընկերների այցի համար, նշելով որ համագործակցության հետագա խորացումը շատ կարևոր է:  Հատկապես առատ տեղումներով պայմանավորված վերջին իրադարձությունները փաստեցին երկու կազմակերպությունների միջև տարածաշրջանային արդյունավետ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, մասնավորապես հիդրոօդերևութաբանական տվյալների փոխանակման, վտանգավոր երևույթների վաղ նախազգուշացման համակարգերի բարելավման ուղղությամբ։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության ուղղությունները հստակեցնելու համար, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և «NEA»-ի միջև համագործակցության հուշագրի նախագիծը, որը համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո կստորագրվի «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների Վրաստան փոխայցի ժամանակ։