ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.05.2021
Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի թվով երկրորդ նիստը

Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության խնդիրների լուծման և բարեփոխումների ու ռազմավարական ծրագրերի իրականացման գործընթացին քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության ապահովման նպատակով՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ստեղծվել է նախարարին կից նոր հասարակական խորհուրդ:
Նիստի ընթացքում խորհրդի անդամները հաստատել են հասարակական խորհրդի աշխատակարգը, խորհրդի կազմում առանձին ոլորտային աշխատանքային խմբերի կազմերը, ընտրել դրանք համակարգողների։
Քննարկել են նախորդ նիստից հետո կատարած աշխատանքն ու գույքագրած խնդիրները։
«Ընդերք» աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վիկտորիա Բուռնազյանը  հանդես է եկել  «Հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները՝ հիմնված «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացված «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի արդյունքների վրա»  զեկույցով։
Զեկույցից հետո նախարարի պաշտոնակատար Պետրոսյանը խնդրել է պաշտոնական նամակով Շրջակա միջավայրի նախարարությանը տրամադրել ուսումնասիրության արդյունքները և ողջ փաստական տվյալները՝ դրանց հետագա ընթացք տալու նպատակով։
 Նիստի օրակարգային հարցերից զատ, նախարարի պաշտոնակատարը և խորհրդի անդամները քննարկել են բնապահպանական խնդիրների լայն շրջանակ` ոլորտի օրենսդրական բարեփոխումներից մինչև հանքարդյունաբերություն։ Անդրադարձ է կատարվել նաև Ամուլսարի խնդրին։
Նախարարի պաշտոնակատարը խորհրդի անդամներին է ներկայացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի մշակման և ՇՄԱԳ գործընթացում փոփոխությունների ընթացիկ փուլի մասին տվյալներ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախքան օրենքը  շահագրգիռ բոլոր կողմերի  և հանրային լայն քննարկումների ներկայացնելը, խորհրդի արտահերթ նիստ հրավիրել և խորհրդատվական քննարկում անցկացնել։
Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին և փաստել, որ նիստերի ընթացքում ծավալված առողջ բանավեճերը, բնապահպանական թեմաների լայն ընդգրկումով քննարկումները հույս են ներշնչում, որ այս կառույցն իրոք ծառայելու է իր ձևավորման հիմքում ընկած նպատակին։