ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.07.2021
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը աշխատանքային այցով Շիրակի մարզի Արթիկ համայնքում էր

ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի աշխատակազմը, տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանի ղեկավարությամբ աշխատանքային այցով Շիրակի մարզի Արթիկ համայնքում էին։
Ծրագրի նպատակն է կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում բարձրացնել բնական և գյուղատնտեսական լանդշաֆտների հարմարվողականության մակարդակը, կանխարգելել ջրհեղեղները և նվազեցնել դրանց հետևանքները, վերականգնել կլիմայի փոփոխությամբ և մարդածին ազդեցությունների հետևանքով խախտված բնական լանդշաֆտը, բարձրացնել բնակչության գիտելիքների մակարդակը կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ։
Նախարարի տեղակալի պաշտոնակատարը գործընկերներ հետ այցելել է ծրագրի երկրորդ բաղադրիչով իրականացվող ջրհեղեղների կառավարման շինհրապարակ, տեղում գնահատել աշխատանքների արդյունավետ ընթացքը։ 
Շինարարությունն իրականացնող ընկերության՝ ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ ԲԲԸ-ի, հեղինակային հսկողություն իրականացնող ՀԱՅՋՐՆԱԽԱԳԻԾ ՍՊԸ-ի և տեխնիկական վերահսկող ՀՈւՍԱԼԻ ԿԱՄԱՐ ՍՊԸ-ի աշխատակիցների հետ քննարկվել են աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները և դրանց հնարավոր արդյունավետ լուծումները։
Այց է իրականացվել նաև  ծրագրի առաջին  բաղադրիչով իրականացվող 30 հա հանգստի գոտու և 10 հա անտառպուրակի շինհրապարակ, որտեղ շինարարությունն իրականացնող ընկերության՝ ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ ԲԲԸ-ի, հեղինակային հսկողություն իրականացնող ԿՈՍՏԱՆՏԱԲԻԼԴ ՍՊԸ-ի  և տեխնիկական վերահսկող ՀՈւՍԱԼԻ ԿԱՄԱՐ ՍՊԸ-ի աշխատակիցների հետ քննարկվել են  աշխատանքային ընթացիկ մի շարք հարցեր։ 
Աննա Մազմանյանը շեշտել է ծրագրի այս բաղադրիչի դրական ազդեցությունը և կարևոր նշանակությունն Արթիկ քաղաքի բնակիչների առողջության վրա։
Նախարարի տեղակալի պաշտոնակատարն այցելել է  ծրագրի շրջանակներում Վարդաքար համայնքում 2 հա մակերեսով 1075 տարատեսակ տնկիներով ստեղծված անտառպուրակի տարածք, հետագա խնամքի կազմակերպման վերաբերյալ քննարկումներ ունեցել համայնքի ղեկավարի հետ: