ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.05.2022
«Բնությունը երեխաների աչքերով» բնանկարների ցուցադրություն

Ժամանակակից աշխարհում, երբ օրեցօր մեծանում է հասարակության ներգործությունը շրջակա միջավայրի վրա, առավել քան արդիական է հասարակության էկոլոգիական կրթության անհրաժեշտությունը: Կրթական տարբեր ոլորտներում ներառված է էկոկրթությունը, որի նպատակն է էկոլոգիական գիտակցություն ձևավորել երիտասարդ սերնդի մոտ: Էկոլոգիական գիտակցության և վարքագծի կարևորումը պետք է սկսել ավելի վաղ տարիքից, քանի որ բնության նկատմամբ վերաբերմունքը, բնության մասին պատկերացումները ձևավորվում են դեռ վաղ տարիքից։
Այդ իսկ նպատակով Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ Շրջակա միջավայրի նախարարությունը հունիսի 1-ին նախատեսում է երեխաների բնանկարների ցուցահանդես՝ «Բնությունը երեխաների աչքերով» խորագրով։
Նկարները հունիսի 1-ին կցուցադրվեն Երևանի Բուսաբանական այգում, որտեղ Շրջակա միջավայրի նախարարության մասնագետները երեխաների համար բնապահպանական հետաքրքիր թեմաներով դասախոսություններ կկարդան։ 
Նախարարությունում մինչ մայիսի 27-ը սիրով կսպասենք Ձեր երեխայի թեմատիկ նկարին։
Նկարի հետ պետք է ներկայացնել նաև երեխայի անուն ազգանունը, տարիքը, 1 հատ անձնական լուսանկար։
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, Շրջակա միջավայրի նախարարության դիմումների ընդունման  պատուհան։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011818559 հեռախոսահամարով։