ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.05.2024
Գավառ համայնքում մեկնարկել է «Լեռնային հարմարվողականություն» («Mountains Adapt») պիլոտային ծրագիրը

«Mountains Adapt»-ը իրականացվում է Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ, «Լեռների հարմարեցում. կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների խթանում» խորագրով ծրագրի շրջանակում՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) և Կայուն Կովկաս ծրագրի կողմից։
Պիլոտային ծրագիրը կատարողը  «Բլեջան» հասարակական կազմակերպությունն է։

Ծրագիրն իրականացվելու է կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի համարվող Գավառ համայնքի կենտրոնական անմշակ այգում։ Վերակառուցվող այգու տարածքը շուրջ 1 հա է։ Հանգստի, ժամանցի, զբոսանքի, բնակրթական ուրույն վայր հանդիսանալուց զատ բնահեն լուծումներով այգու ստեղծումը կնպաստի բուսաբազմազանության պահպանությանը, դրանով նաև՝ շրջակա միջավայրի բարելավմանը։ 

Շրջակա միջավայրի նախարարության, ծրագիրն իրականացնող կազմակերպությունների արտասահմանյան և հայաստանյան ներկայացուցիչները մայիսի 23-ին Գավառի համայնքապետարանում հանդիպում են ունեցել համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետ, ներկայացրել ծրագիրը, կարևորել համայնքապետարանի հետ համագործակցությունը ծրագրի իրականացման ողջ ընթացքում։ Համայնքապետը ծրագրին գործուն աջակցության պատրաստակամությունն է հայտնել։

Գավառ երկօրյա այցի ընթացքում ծրագիրն իրականացնողները շահառուների հետ հանդիպումների ընթացքում ևս խոսել են ծրագրից, կարևորել ծրագրի իրականացումը և ընդգծել յուրաքանչյուրի ներդրումը այգու ստեղծման և պահպանման գործում։ 

Ծրագիրը փետրվար ամսին Վրաստանի Գորի քաղաքում անցկացված ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և Լեռնային շրջանների կայուն զարգացման կովկասյան ցանցի աջակցությամբ իրականացվող «Կլիմայի փոփոխության հարմարվողականության խնդիրները բարձրադիր գոտիներում» տարածաշրջանային հանդիպման արդյունք-շարունակությունն է և նպատակ ունի բարձրացնել տարածաշրջանում լեռնային համայնքների դիմակայունությունը կլիմայի փոփոխություն նկատմամբ։

30000 եվրո արժողությամբ ծրագիրը Գավառում կմեկնարկի այս տարվա սեպտեմբեր ամսին և շարունակական կլինի։