ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.02.2022
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ներկայացվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի կլիմայական ռիսկերի ու խոցելիության գնահատման արդյունքները և հարմարվողականության ծրագրի նախագիծը

«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կայացած առցանց աշխատաժողովին ամփոփվել են «Հայաստանում զբոսաշրջության ոլորտի կլիմայական ռիսկերի ու խոցելիության գնահատման» արդյունքները, և ներկայացվել է ոլորտային հարմարվողականության ծրագրի նախագիծը:  Աշխատանքներն իրականացվել են  «Ի-Վի Քոնսալթինգ» ՓԲԸ EV Consulting կողմից: 
Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը նշել է, որ կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների նկատմամբ տուրիզմի ոլորտի հարմարվողականության համար անհրաժեշտ միջոցառումներն ու գործողությունները դեռևս խորքային բացահայտման կարիք ունեն:
«Չնայած, որ կա տպավորություն, որ Հայաստանում տուրիզմը լավ է զարգացած, և, օրինակ, 2019թ-ին մենք ունեինք ռեկորդային այցելուների քանակ՝ ոլորտային ռազմավարության և ենթակառուցվածքների զարգացման մոտեցումներում կլիմայի փոփոխության հարցերը հաշվի առնելու առումով, իմ կարծիքով, դեռ շատ անելիք ունենք: Առանձնակի կարևորում եմ կլիմայի փոփոխության թեմաների շուրջ ոլորտում ներգրավված բոլոր շահառուների իրազեկման մակարդակի բարձրացումը, որպեսզի իրենք իրենց հերթին կարողանան այդ մասին իրազեկել զբոսաշրջիկին»,-նշել է փոխնախարար Մազմանյանը՝ ավելացնելով, որ պետք է աշխատանք տարվի նաև ոլորտում ներգրավված հյուրանոցներին ու ռեստորանային համալիրներին իրազեկելու կլիմայի փոփոխության վրա իրենց բացասական ազդեցության և ածխածնային հետքի կրճատմանն ուղղված գործողություններում կարևոր դերակատարության մասին:
Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել և շահագրգիռ կողմերի հետ քննարկել զբոսաշրջության տարբեր ենթաոլորտներում կլիմայի փոփոխության նկատմամբ ռիսկերի և խոցելիության ուսումնասիրության արդյունքները՝ վեր հանելով ոլորտի գործունեության այն ուղղությունները, տեսակները և շահառու խմբերը, որոնք առավել խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ, ներկայացնել հարմարվողականության գերակա միջոցառումները, ինչպես նաև հավաքագրել մեկնաբանություններ՝ դրանց լրամշակման նպատակով։
Մարնամասներն ու ներկայացված նյութերը https://bit.ly/3HT46Uo  կայքում: