ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.05.2023
Տրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի մեկնարկը

Աննախադեպ դրամաշնորհային աջակցություն Շրջակա միջավայրի ոլորտին. տրվել  է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի մեկնարկը
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանը և Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլը ստորագրել են «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի մեկնարկն ազդարարող պայմանագիրը։
Ողջունելով ծրագրի մեկնարկը և շնորհավորելով գործընկերներին նախորդող երկարատև աշխատանքի արդյունքում մշակված պայմանագրի ստորագրման առթիվ, նախարարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում տեսանելի կլինեն ծրագրի արդյունքները։ 
«Ելնելով Հայաստանի հարուստ և յուրօրինակ կենսաբազմազանության արդյունավետ պահպանության և կայուն օգտագործման անհրաժեշտությունից՝ ծրագրի իրականացումն առավել կարևոր է դառնում և կարող է շրջադարձային լինել ոլորտում առկա հիմնախնդիրների հասցեագրման, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման որակապես նոր նշաձողի սահմանման տեսանկյունից»,-նշել է նախարարը։
Ծրագրի ամբողջ բյուջեն կազմում է շուրջ 26 միլիոն եվրո։
Ծրագրի շրջանակներում նախատեսվող դրամաշնորհային միջոցներն ուղղված են կենսաբազմազանությամբ հարուստ պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնական հուշարձանների բարելավման ու կառավարման, անտառների կայուն կառավարմանն աջակցելու, անտառային լանդշաֆտի և անտառների վերականգնողական միջոցառումների,  ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումների, էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումների, խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորմանը։ Ծրագրի տևողությունը նախատեսվում է 6 տարի, որին կնախորդի ծրագրի խորհրդատուի կողմից շուրջ 6 ամիս տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացման մեկնարկային փուլը։ Դրամաշնորհային աջակցության ծավալն աննախադեպ է տարածաշրջանում և խոշորագույններից է գլոբալ առումով։ 
Դրամաշնորհային ծրագիրը ունի հետևյալ հիմնական բաղադրիչները՝  
-պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնության հուշարձանների բարելավում ու կառավարում, ինչպես նաև էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումներ
- անտառների կայուն կառավարում, անտառային լանդշաֆտների վերականգնում և անտառվերականգնման միջոցառումներ,
- ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումներ,
- խորհրդատվական ծառայություններ։