ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.11.2021
Չինաստանի Կունմինգ քաղաքում առցանց եղանակով տեղի է ունեցել Միավորված Ազգերի Կազմակերպության «Կենսաբազմազանության մասին» Կոնվենցիայի կողմերի 15- րդ համաժողովը

2021թ. հոկտեմբերի 11-ից 15-ը առցանց եղանակով Չինաստանի Կունմինգ քաղաքում տեղի է  ունեցել Միավորված Ազգերի Կազմակերպության «Կենսաբազմազանության մասին» Կոնվենցիայի կողմերի 15- րդ համաժողովը (COP 15)։ Համաժողովին մասնակցել են մոտ 150 պետությունների ներկայացուցիչներ։ 
Համաժողովի ընթացքում քննարկվել են մինչև 2030 թվականը  կենսաբազմազանության նոր գլոբալ ռազմավարության նախնական փաստաթղթի նպատակային խնդրիները և առաջնահերթ գործողությունները, կենսաբազմազանության նոր թիրախները, վայրի կենդանիների ապօրինի առևտրի հետ կապված հարցերը։ Քննարկվել է նաև մինչև 2050 թվականը կենսաբազմազանության պահպանության նոր տեսլականը` «Ապրել բնության հետ ներդաշնակ»։
 «Կենսաբազմազանության մասին» Կոնվենցիայի շրջանակներում նոր գլոբալ համաշխարհային կենսաբազմազանության  ռազմավարությունը նախատեսվում է հաստատել 2022 թվականին։ Հայաստանը ակտիվ մասնակցում է այդ աշխատանքներին և քննարկումներին։

Նշված հանդիպումների ընթացքում ս.թ. հոկտեմբերի 12-ին` բարձրաստիճան առցանց հանդիպման ժամանակ, ելույթի խոսքով հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Լևոն Աղասյանը և ներկայացրել «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, Հայաստանի կենսաբազմազանության առկա վիճակն ու զարգացման հեռանկարները, իրականացվող գործողությունները և բարեփոխումները։ Որպես կենսաբազմազանության պահպանության առանցքային նշանակություն ունեցող թիրախ` ներկայացվել է Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ-ների) լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության առանձնահատկությունները, զարգացման հեռանկարները, իրականացվող գործողությունները և բարեփոխումները: Երկրի բուսական և կենդանական աշխարհի տեսակային կազմի մոտ 60-70%-ը ներկայացված է Հայաստանի պահպանվող տարածքներում։ Վերջին տասնամյակի ընթացքում Հայաստանում ԲՀՊՏ-ների ընդհանուր տարածքը աճել է մինչև շուրջ 80,000 հա, որի արդյունքում այն ներկայումս կազմում է ավելի քան 387,000 հա կամ Հանրապետության ընդհանուր տարածքի մոտ 13.1%-ը։

Համաժողովի արդյունքում կոնվենցիայի անդամ երկրների կողմից 2021 թվականի հոկտեմբերի 13-ին հաստատվեց Կունմինգի Հռչակագիրը (Kunming Declaration)` <<Էկոլոգիական քաղաքակրթություն. երկրի վրա ողջ կյանքի համար ընդհանուր ապագայի կառուցում» անվանմամբ։ 

Սույն հռչակագիրը կներկայացվի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեային` 2022 թ-ին Կայուն զարգացման և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի բարձր մակարդակի քաղաքական ֆորումում։