ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.03.2021
Կարգելվի մինչեւ 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ի նիստում ներկայացրեց  2020-ի  կատարողականի վերաբերյալ նախարարության զեկույցը:
Ըստ այդմ՝ հաշվետու տարում Արարատի եւ Արմավիրի մարզերում իրականացվել են 2 խորքային հորի լուծարման եւ 4-ի կոնսերվացման աշխատանքներ: Փականային ռեժիմի է բերվել 29 խորքային հոր:
Խնայվել է 1 500-ից ավելի լ/վրկ ջուր: Ձեւակերպվել է նոր 190 ջրօգտագործման թույլտվության հայտ՝ ձկնաբուծության, ոռոգման, խմելու ջրի եւ արդյունաբերական նպատակով: Մերժվել է փոքր հէկերի կառուցման 14 հայտ: 12 փոքր հէկի ջրառի կետերում տեղադրվել եւ կնքվել են առցանց ջրաչափեր: Առայսօր 152 փոքր հէկերից 111-ում տեղադրվել եւ կնքվել է 145 առցանց ջրաչափ:
Սեւանա լիճ-Արփա-Սեւան ջրատարով տարեսկզբից մուտք է գործել շուրջ 205 մլն խորանարդ մետր ջուր, ինչը 46 մլն-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության ծրագրի շրջանակներում  լիճ է բաց թողնվել շուրջ 630 000 մանրաձուկ, որից շուրջ 600 000-ը` գեղարքունի, իսկ 30 000-ը՝ ամառային իշխան տեսակի:
Կատարվել է 204 տոննա  սիգի արդյունաբերական որս: Միջոցառումներ են իրականացվել՝ արգելելու համար սիգի ապօրինի որսը: Նշվեց, որ այստեղ խնդիրները շատ են. կարիք կա վերացնել օրենսդրական բացերը:
Պատգամավոր Սարիկ Մինասյանը բարձրացրեց   թափառող շներից քաղաքացիների պաշտպանության հարցը: Նշվեց, որ մարդկանց համար վտանգավոր են նաեւ ստերջացված շները, ինչի առնչությամբ Տիգրան Սիմոնյանը  պարզաբանեց, որ այդ հարցի կարգավորումը  նախարարության տիրույթում չէ: Փոխնախարարը համաձայնեց, որ խնդիր, իրոք, կա, եւ անհրաժեշտ է, որ համապատասխան մարմինները հրատապ կարգով լուծում գտնեն:
Փոխնախարարը նաեւ հայտնեց, որ 2020- ին իրականացվել են մի շարք բնապահպանական ծրագրեր:
Մասնավորապես, արգելվել է օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը, ընդունվել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների աստիճանական նվազեցման մասին  օրենսդրական նախաձեռնությունը: Դրա  շնորհիվ 2022-ից կարգելվի մինչեւ 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը: