ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.12.2021
Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ կատարել լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծին գործադիրը հավանություն է տվել

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ կատարել լրացումներ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի  օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշմամբ հաստատված հիդրոֆտորածխածինների ցանկում ներառված նյութերը չեն համարվի ռազմական նշանակության ապրանքներ, քանի որ դրանք կիրառվում են արդյունաբերության տարբեր բնագավառներում (մասնավորապես սննդի արդյունաբերությունում), սառեցման համակարգերում, իրենց տեխնիկական բնութագրերով, կառուցվածքային հատկանիշներով հատուկ նախագծված և նախատեսված չեն ռազմական նշանակությամբ կիրառելու նպատակով։ Արդյունքում՝  Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի  օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշմամբ հաստատված հիդրոֆտորածխածինների ցանկում ներառված նյութերի մասով լիցենզավորող մարմնի կողմից ներմուծման և (կամ) արտահանման համապատասխանության մասին եզրակացություն ստանալու անհարաժեշտություն չի առաջանա։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է գործող ոլորտային ներպետական օրենսդրությամբ ամրագրված իրավակարգավորումների արդյունավետություն և գործարար միջավայրի բարելավում՝ միտված իրավակիրառ պրակտիկայի բարելավմանը, իրավակիրառողի գործունեության արդյունավետության բարձրացմանը և, որ ամենակարևորն է, տնտեսավարողների տնտեսական գործունեության պայմանների բարելավմանը, ինչը բխում է հանրային ծառայության մատուցման հիմնական սկզբունքներից և նպատակներից։
Կարգավորումը վերոշյալ նյութերի ներմուծումն իրականացնող տնտեսվարողներին հնարավորություն կընձեռի առանց հավելյալ խոչընդոտների իրականացնել իրենց տնտեսական գործունեությունը, կնպաստի մաքսային ծառայության ծանրաբեռնվածություն նվազեցմանն ու հանրային ծառայության տվյալ տեսակի ավելի արդյունավետ իրականցմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանը։