ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.06.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ելույթ է ունեցել Լայպցիգում ընթացող Ջրանցքների միջազգային համաժողովում

ՀՀ վարչապետի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (Լայպցիգ) մասնակցում է Ջրանցքների միջազգային համաժողովին։
Նախարարի տեղակալը համաժողովին  հանդես է եկել բացման ելույթով։
Ողջունելով ներկաներին և գործընկերներին՝ Գայանե Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել մասնակցության հրավերի համար։
Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ փաստել է, որ ջուրն այն հիմնական ռեսուրսն է, որի շուրջ ձևավորվել և զարգացել են հասարակությունները, պետություններն ու քաղաքակրթությունները։ Ջուրը եղել և մնում է տնտեսական զարգացման, մարդու կյանքի որակի և առողջության, երկրների կայուն զարգացման, դիվանագիտության և այլ շատ կարևոր ոլորտների հիմքը:
Գայանե Գաբրիելյանն իր ելույթում անդրադարձ է կատարել Ջրանցքների միջազգային համաժողովի նշանակությանն ու կարևորությանը։
Այս համաժողովը ջրի հետ կապված թեմաների միջազգային հարթակ է, և այն համախմբել է աշխարհի հմուտ փորձագետներին և ջրային ոլորտում առանցքային դերակատարներին։ Հայաստանն այս համաժողովին մասնակցում է անցյալ տարի աշնանը Լայպցիգ և Երևան քաղաքների միջև ստորագրված բնապահպանության, թափոնների կառավարման և սանիտարական ոլորտներում փոխըմբռնման և համագործակցության հուշագրի շրջանակներում։
Նախարարի տեղակալն անդրադարձել է վերջին տասնամյակում Հայաստանում ջրային ոլորտի բարեփոխումներին և գրանցած շոշափելի առաջընթացին։
«Ես ուրախ եմ, որ հնարավորություն է  ընձեռվել  ներկայացնել իմ մտահոգությունները  ջրային անվտանգության համաշխարհային մարտահրավերների վերաբերյալ, որոնց ներկայումս բախվում է աշխարհը, և մատնանշել այն բնագավառները, որոնք կարող են օգնել հաղթահարել այս մարտահրավերները»,- նշել է նախարարի տեղակալը։
Համաշխարհային տնտեսական ֆորումը համաշխարհային ռիսկերի իր 2015 թվականի գնահատման մեջ ջրային ճգնաժամերը որակել  է որպես թիվ մեկ առանցքային հարց։ Չնայած որ, կլիմայի գլոբալ փոփոխությունը ջրի սակավության հիմնական պատճառն է, այնուամենայնիվ, մենք հաճախ անտեսում ենք դրա կարևորությունը կառավարությունների ռազմավարական քաղաքականությունների մշակման ժամանակ։
Մեջբերելով Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտի 2015 թվականի համաշխարհային ռիսկերի գնահատման  տվյալները, նախարարի տեղակալն ներկայացրել է, որ աշխարհի 17 երկրներ գտնվում են ջրային ռեսուրսների սակավության չափազանց բարձր մակարդակում, և կանխատեսվում է, որ այդ թիվը կմեծանա։
«Ակնկալվում է, որ Կլիմայի համաշխարհային փոփոխությունն անմիջական հետևանքներ կունենա ջրային անվտանգության վրա, ուստի նման մոտեցման շարունակությունն այլևս անընդունելի է,- հավելել է նախարարի տեղակալը,- կա խիստ անհրաժեշտություն ջանքերի համախմբման  ու արդյունավետ համագործակցության, այդ թվում՝ օգտագործելով նաև այս համաժողովի ընձեռած հնարավորությունը՝ ամբողջ աշխարհում ստեղծել կապեր, որոնք ուղղված կլինեն ջրի արդյունավետ կառավարման և էկոհամակարգերի ստեղծման  միջոցով առկա մարտահրավերներին դիմակայելուն։
Սա կարող է արվել մասնավորապես կլիմայի փոփոխության հարմարվողականության գործողությունների միջոցով՝ փորձելով հասնել կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ)»։
Նախարարի տեղակալն առանձնացրել է այն կարևոր քայլերը, որոնք  անհրաժեշտ է անել այդ համատեքստում.
Դասել Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարումը կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման և ներդրումների կենտրոնում,
Խթանել ներդրումներ, որոնք ներառում են «բնական (կանաչ) ենթակառուցվածքների» կառավարում, վերականգնում և կայունության ապահովում՝ հիմնված տեխնիկական և թվային առաջընթացի վրա,
Այնպիսի մասշտաբներով միջոցառումների աջակցություն, որոնք հնարավորություն կտան համադրել ջրհավաք ավազանի կառավարումը, կայուն ենթակառուցվածքները, ինչպես նաև հարմարվողականության մեխանիզմների միջոցով հզորացումը և ուսուցումը։
Այսպիսով, ՄԱԿ-ի կողմից 2030-ի օրակարգի հաստատումը (2015թ.) ապահովել է կարևոր լրացուցիչ շրջանակ, որտեղ Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարումը և կլիմայի փոփոխության հարմարվողականությունը դիտարկվում են որպես կայուն զարգացմանն ուղղված համաշխարհային ջանքերի բաղադրիչներ՝ մասնավորապես դրանք դիտարկելով կայուն զարգացման նպատակներ՝ 6 (ապահովում է ջրի և սանիտարական ջրահեռացման հասանելիությունը և կայուն կառավարումը բոլորի համար) և 13 (հրատապ գործողությունների ձեռնարկում՝ ուղղված կլիմայի փոփոխության և դրա հետևանքների դեմ պայքարին):
Ամփոփելով իր ելույթը` նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ Ջրանցնքների միջազգային համաժողովը կդառնա այն հարթակը, որտեղ բոլոր մտքերն ու գաղափարները, «ջրային մտածողությունը» կմիավորվեն՝ հաղթահարելու մեր փխրուն մոլորակի առջև ծառացած մարտահրավերը: